Երեւան քաղաքի երկաթգծի կայարանի վարչական շենքի դեմ դիմաց ամեն առավոտ հիմնականում Արարատի եւ Արտաշատի մարզերի գյուղացիները փորձում են իրացնել իրենց գյուղմթերքը:
Armtimes.com-ի տեղեկություններով տարածքում բացօթյա առեւտուրը կազմակերպում եւ վերահսկում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղայի՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանի մերձավորները:
Բացի այն, որ փողոցային առեւտուրն արգելված է մայրաքաղաքում (բացառությամբ գյուղատնտեսական շուկաների, որոնք հստակ սահմանված են, թե որտեղ եւ ինչ պայմաններում պետք է վաճառք իրականացնել), Սեդրակյանի մարդիկ գյուղացիներից «հարկ» են գանձում:
Յուրաքանչյուր վաճառող, կախված մթերքի ծավալից, դրա 20 տոկոսի չափով գումար է վճարում տարածքը «նայողներին», որոնք նույնիս կտրոն չեն տալիս:
Երեւանի քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Սասունցի Դավիթ կայարանի հարակից տարածքում կազմակերպվում է գյուղատնտեսական արտադրանքի շուկա, որը պատկանում է «Բիդեք» ՍՊԸ-ին:
Այս ընկերությունը տեղեկատուներում գրանցված տվյալներով, զբաղվում է շինարարությամբ: ՍՊ ընկերության տնօրեն Գառնիկ Ավետիսյանը մեր զրույցում ասաց, որ ինքն անձամբ չի զբաղվում շուկայի աշխատանքներով, սակայն հավաստիացրեց, որ իրենք են շուկայի պատասխանատուները:
Հարցին՝ ի՞նչ կապ ունի ընկերությունը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի հետ, Գառնիկ Ավետիսյանը բառացիորեն ասաց հետեւյալը. «Ընկերական»:
Գառնիկ Ավետիսյանն այնուհետեւ շտապեց ասել, որ կապ ունեն միայն ընկերության տնօրենն ու նշված անձինք, իսկ ընկերության հետ որեւէ կապ չունեն նրանք:
«Բիդեք» ՍՊԸ-ին տնօրենից հետարքվեցինք, թե ինչո՞ւ կտրոններ չի տրամադրվում գյուղացիներին, երբ նրանցից գումար է գանձվում, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ ամեն ինչ նորմալ է այնտեղ, բայց կոնկրետ ձեր հարցի պատասխանով ես չեմ զբաղվում, ես կասեմ, ձեզ կզանգեն եւ կպատասխանեն ձեր հարցերին»:
Մինչ օրվա ավարտը այդպես էլ «Բիդեք» ՍՊԸ-ից պատասխան չստացանք:
Այս նյութը դիտել են - 1232 անգամ