ԱՄՆ-ի տնտեսությունը 2016-ին աճելու է
2015-12-23 09:07:00

2015 թվականն ավարտվում է կարեւոր տնտեսական նորություններով՝ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը որոշել է քառորդ տոկոսով ավելացնել տոկոսադրույքը:

«Այդ որոշումը վկայում է, որ մենք հավատում ենք, որ տնտեսական աճը շարունակվելու է», - ասում է ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի ղեկավար Ջանեթ Յելլենը:

Չնայած տարվա սկզբում Միացյալ Նահանգներում գրանցված ելեւէջներին, վերջին ամիսներին կարծես տնտեսական աճը կայունացել է իսկ գործազրկության աստիճանն՝ իջել մինչեւ 7 տոկոս: 2016-ին Standard and Poor’s գործակալությունը կանխատեսում է ԱՄՆ-ում 2.7 տոկոսանոց աճ, ինչն ԱՄՆ-ում չէր գրանցվել վերջին 7 տարիների ընթացքում:

«Մենք դրական աճ ենք տեսնում եւ կանխատեսում ենք, որ տնտեսությունը ավելի է ուժեղանալու, իսկ գործազրկությունը հաջորդ տարվա վերջում նվազելու է մինչեւ 4.6 տոկոս», - ասել է Standard and Poor’s-ի ավագ տնտեսագետ Բեթ Ան Բովինոն։

Գլոբալ մակարդակով սակայն տնտեսության զգալի աճ չի ակնկալվում:

«Համաշխարհային մակարդակով տնտեսական աճը ԱՄՆ-ի մակարդակին չի հասնելու», - ասում է Գործավար տնտեսության ազգային ընկերակցության վերլուծաբան Քեն Սիմոնսոնը:

Մասնավորապես, 2016-ը խոստումնալից չէ Եվրոպայի եւ Չինաստանի տնտեսությունների համար: Սակայն, միեւնույն ժամանակ, համաշխարհային մակարդակով չի սպասվում նաեւ լուրջ տնտեսական ճգնաժամ:

«Մենք որոշակի անհանգստության նշաններ ենք նկատում Եվրագոտում, ինչպես նաեւ աճի դանդաղեցում՝ Չինաստանում: Այս ամենը նշանակում է, որ մեր առջեւում խորդուբորդ ճանապարհ է, սակայն, ես հաստատակամ ճգնաժամ չէի կանխատեսի», - նշում է Քեն Սիմոնսոնը:

Գլոբալ տնտեսության աճի դանդաղեցման մեկ բացասական ազդեցություն Միացյալ Նահանգների արտադրողներն այնուամենայնիվ զգալու են: Աճող ամերիկյան տնտեսության պայմաններում աճում է նաեւ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը, իսկ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս աճում են ամերիկյան ապրանքների գները:

Այս նյութը դիտել են - 1477 անգամ