«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի և «Ֆենոսին» Էկվադորի ազգային կոնֆեդերացիայի միջև համաձայնագիր է կնքվել. 2016-08-19 12:41:00
2016թ. օգոստոսի 5-ին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում տեղի ունեցավ ընկերական, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր հանդիպում «Ֆենոսինի» և «Հայ-Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի ներկայացուցիչների և նախագահներ Սանտոս Լենին Վիլյամար Ալվարադոյի և Վարդան Հարությունյանի միջև:
«Ֆենոսինը» Էկվադորի գյուղացիների, բնիկների և հնդկացիների կազմակերպությունների ազգային կոնֆեդերացիա է, որը գործում է երկրում 1989թ. ապրիլի 10-ից:
Հանդիպումն անցավ շատ մտերմիկ, ջերմ մթնոլորտում, անգամ հնչեցին կատակներ հայկական և էկվադորական գյուղերի բնակիչների սովորությունների ու ավանդույթների շուրջ, իսկ «Ֆենոսինի» ներկայացուցիչներից մեկը նշեց, որ Սովետական Միության ժամանակ եղել է Հայաստանում, վայելել հայկական կոնյակը: Խոսեցին, ինչպես նաև դատապարտեցին Հայոց ցեղաասպանությունն ու առհասարակ «ցեղասպանություն»երևույթը:
Հանդիպման արդյունքում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որում ասվում էր, որ հնագույն արմատներ ունեցող հայ և էկվադորցի ժողովրդները, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ, կարող են դնել երկու երկրների միջև բազմաբովանդակ հարաբերությունների հիմք, որն էլ կծառայի ի շահ երկու երկրների:
Ըստ համաձայնագրի՝ հիմք դրվեց Էկվադոր- Հայաստան համագործակցությանը, Հայաստանի և Էկվադորի միջև մշակութային, սոցիալական, առևտրատնտեսական, կրթական ու քաղաքական հարաբերություններին, որոնք կնպաստեն երկու երկրների տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, եկամուտների ավելացմանը: Այս համաձայնագրով սահմանվեց որոշել և իրականացնել կոնկրետ և կայուն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, խթանել երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, կազմակերպել ցուցահանդես վաճառքներ՝ ներկայացնելու երկու երկրների մշակութային արժեքները, Հայաստանի Հանրապետությունում ներկայացնել Էկվադորն ու էկվադորական մշակույթը, և հակառակը, համագործակցել՝ ֆինանսական միջոցներ ստեղծելու համար, ինչը կծառայի նոր ստեղծվող Հայաստան- Էկվադոր համագործակցությանը, ինչպես նաև աջակցել միմյանց քաղաքական դաշտում:
Հանդիպման վերջում մասնակից երկու կողմերն էլ շնորհակալություն հայտնեցին միմյանց՝ անչափ արդյունավետ ու կարևոր հանդիպման, ջերմ ընդունելության համար, և հույս հայտեցին, որ համաձայնագիրը կկարողանա լիովին ծառայել ի շահ Հայաստանի և Էկվադորի միջև նորաստեղծ հարաբերություններին:
Այս նյութը դիտել են - 4424 անգամ