«Ես չեմ հասկանում` դուք հաճո՞ւյք եք ստանում՝ զիջումների մասին խոսելով».Շավարշ Քոչարյան2016-08-19 12:46:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հնչեցվող անհեթեթ հայտարարությունների ֆոնին երեկ դրականորեն տարբերվեց՝ ստեղծված իրավիճակին կոնկրետ գնահատականներ տալով:
Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո, երբ նրանից լրագրողները փորձել են պարզել, ի վերջո, ինչ փոխզիջումների մասին է անընդհատ խոսվում, նա ուղղակի ասել է.
«Ինչու Ադրբեջանի կողմից ոչ մի անգամ չեմ լսել նման բան: Իսկ մեզ մոտ անընդհատ քննարկվում է այդ զիջումների հարցը: Որեւէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, եւ քանի դեռ նրանք շարունակում են կոշտացնել իրենց դիրքերը, որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Այ, երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»: Իսկ երբ լրագրողները շարունակել են փոխզիջումների թեմայով հարց ուղղել, Շավարշ Քոչարյանը նկատել է.
«Ես չեմ հասկանում` դուք հաճո՞ւյք եք ստանում՝ զիջումների մասին խոսելով»:
Իհարկե, իրականում փոխզիջումների թեմայի՝ նման լայն արծարծման մեղավորը լրագրողները չեն, այլ Հայաստանի եւ որոշ բացառություններով նաեւ Արցախի առաձին պաշտոնյաները, ՀՀԿ-ի օսլայած մազերով երիտասարդները: Ամենաբարձր մակարդակից սկսած մինչեւ միջին մակարդակի չինովնիկները վերջին շրջանում առիթը բաց չեն թողում ինչ-որ փոխզիջումների մասին խոսել եւ, որ ամենակարեւորն է, նրանք դա անում են ամենաանտաղանդ ու տխմար ձեւերով` իրենց հնչեցրած խոսքերի իմաստը չգիտակցելով: Կարծում ենք, որ Շավարշ Քոչարյանի կոշտ խոսքերից հետո արտերկրի ինչ-որ ուժերին հաճոյանալու համար ՀՀ պաշտոնյաների ու պատգամավորների կողմից արված հայտարարությունները գոնե կդադարեն»:
Այս նյութը դիտել են - 4054 անգամ