Հավերժական մի արև կա արցախական աշխարհում
2016-08-19 12:49:00

Ուսումնական տարին մոտենում է, իսկ ես սրտի անհանգիստ թրթիռներով գրկում եմ երկրիս արևը, որ ճառագի այն, պատերազմները հետ մղի անդարձ, ու խաղաղ կյանքով լույս մանուկների կարկաչուն ձայնը ամենուր հնչի: Արցախական արևը, որ լույս է ինքնին, մի նոր սիրո կյանք, մի նոր ջերմություն՝ հավերժին հառած իր իսկ գոյությամբ: Անցած օրերում տագնապ կա, սարսափ, կորուստ դառնագին, հետքեր կան տխուր, ու ես մեղմորեն փրկության հույսով նայում եմ նրան, որ փարվում է ինձ լուսե շողերով: Կկոցում եմ աչքերս հանկարծ ու շատ մեղմ սիրով նրան եմ փարվում ես էլ կաթոգին:

Հրետակոծության արձագանքները վանում եմ մեզնից, հառաչանքներով, սրտի զարկերով արևի երգն եմ լսում շատ կամաց, հույզով շաղախված, օդն էլ համեմված նրա տաք շնչով, աներեր, համառ իր գովքն է անում: Երկրիս արևը՝ այն հավերժական, միշտ էլ ինձ հետ է, այն շատ ցավալի օրերին անգամ, պատեպատ զարկվում, մայրամուտի մեջ էր ապավեն փնտրում: Լուսե օրերի երազանքներում հոգուս մեջ էլ արևն է շողում, «արեգակն արդար» ու մի պահ ասես անձրևից հետո երկնքում հայտնված ծիածանի պես երփներանգվում է ու կամար կապում:

Հավերժող երկրիս արևն եմ սիրում, մեր արևածագը՝ այն ցողաթաթախ, նրբին ժպիտով, որ ծեքծեքում է մանրիկ ծիծաղով: Արևով բացվող բոլոր օրերս, որ կյանք են դառնում, հուշերի թևով բացվում են իմ դեմ, ու օրհնության պես լուսավառ սիրով ժպտում եմ նրան: Երբ լուսե ճերմակ ամպերը նորից ուզում են նրան քողարկել հանկարծ, հոգիս ջերմագին գգվում է նրան: Մշտանորոգուն այս կյանքում ես էլ հոգու խորությամբ փայում եմ նրան, լուսազարդ շողով գգվում է նա ինձ, արևոտ օրս դարձնում լույս երազ: Ուզում եմ այսպես լուսահորդ ու ջինջ երկրիս արևը շողշողա հավերժ, մենք էլ լիառատ մի կյանքով ապրենք, լուսե-լուսավոր խաղաղ մի կյանքով՝ ի վերուստ տրված:

Նատաշա Պողոսյան


Այս նյութը դիտել են - 1204 անգամ