Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների ծնողները նախօրեին, հրաժարվելով պետական միջամտությունից, աջակցությունից, սկսեցին գերեզմանների բետոնալցման աշխատանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում:
Զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ այլեւս չեն սպասելու իշխանությունների խոստումներին, որովհետեւ ավելի քան 4 ամիս շարունակ սպասել են:
Իրենք սեփական գրպանից վճարելով իրականացրեցին բետոնալցման աշխատանքներ՝ չնայած, որ տեղում Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ծնողներին փորձում էր հետ պահել այդ մտքից՝ համոզելով, որ ՀՀ ՊՆ-ն արդեն սկսել է այդ գործընթացի իրականացումը եւ որ արդեն փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի գերեզմանի բետոնալցումն իրականացրել են, մյուսներինն այսօր-վաղը կիրականացնեն:
Վ. Յուզիխովիչի հայրը հայտարարեց, որ նախ Ալեքսան Առաքելյանի գերեզմանի բետոնը չի համապատասխանում պահանջված նորմերին, եւ ձեռքով էլ ինքը կարող է փշրել բետոնը, հետեւաբար շուտ կփչանա, բացի այդ, իրենց շինկազմակերպության ղեկավարը՝ Սարգիս Կոսեմյանն, ասել է, որ ՊՆ-ն առայժմ գումար չի տրամադրում եւ փող չկա, որ սկսեն մյուս զինծառայողների գերեզմանների շինարարությունը:
ԳԱԼԱ-ն խնդրի մասին նախ փորձեց զրուցել շինարարություն իրականացնող կազմակերպության ղեկավարի հետ, սակայն այդպես էլ մեր բոլոր ջանքերն իզուր անցան:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է ընտրվել տվյալ կազմակերպությունը, մրցույթ անցկացվել է, թե ոչ, ՀՀ ՊՆ-ն որքան գումար է հատկացրել հիշյալ կազմակերպությանը եղբայրական գերեզման կառուցելու համար:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ ՊՆ-ն իր խոստումը պահել է եւ իր պարտավորությունները կատարել է զոհվածների ընտանիքների առաջ: Ըստ Հովհաննիսյանի՝ զոհվածների հարազատներն իրավունք ունեն ինքնուրույն իրականացնել իրենց զավակների գերեզմանների շինարարությունը եւ ոչ ոք նրանց չի կարող արգելել:
Մեր ճշտող այն հարցին, թե ստացվում է՝ ՀՀ ՊՆ-ն չունի՞ այլեւս որեւէ պարտավորություն ապրիլյան զոհերի գերեզմանները կառուցելու գործում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Պաշտպանության նախարարությունը տարածքը պետք է սահմանազատեր, իր խոստումը կատարել է: Գերեզմանները սարքելու համար իրենք՝ զոհերի հարազատները, 4.1 մլն-ից ավելի գումար են ստացել ամեն մեկի համար: Ինքնուրույն պիտի սարքեն:
ՀՀ-ում գոյություն ունի հետեւյալ օրենքը, եթե զոհված զինծառայողը Եռաբլուրում չի թաղվում, ապա ընտանիքը ստանում է 4.1 մլն դրամ: Դա պարտադիր գումար է, եւ չի կարող պատահել, որ մի անձ չստանա, դա տրվում է բոլորին: Չնայած այդ գումարին՝ առանց որեւէ օրենսդրական պարտավորության ՊՆ-ն նաեւ պարտավորություն էր վերցրել մասնակցել եւ կազմակերպել գերեզմանների սահմանազատման աշխատանքը, որն արդեն իրականացրել ենք: Ինչքան գիտեմ, վստահ չեմ, պիտի ճշտեմ, Գյումրիի քաղաքապետարանն էր խոստանում օգնել, որ միասնական գերեզմանոց լինի: Ես այդքանը գիտեմ, մնացածին տեղյակ չեմ»,- ասաց ՊՆ խոսնակը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ շինկազմակերպություն է, ո՞ր կառույցի կողմից է ընտրվել, ո՞վ է վճարել ի վերջո շինկազմակերպությանը, որը սկսել էր բետոնալցման աշխատանքները, Արծրուն Հովհաննիսյանը կրկնեց նույնը.
«Սահմանազատման մասին է հավանաբար խոսքը, տարածքի բարեկարգման մասին է, չեմ կարող ասել՝ տենդերով է ինչով է, բայց դա ոչ թե օրենքով, այլ նախարարի ցանկությամբ էր, որ սահմանազատման աշխատանքները եւս իր վրա վերցնի ՊՆ-ն: Իսկ մնացածն, ընդհանուր առմամբ, մենք վճարել ենք արդեն զոհվածների հարազատներին»:
Քրիստինա Մկրտչյան
Այս նյութը դիտել են - 3116 անգամ