«Սասնա ծռեր»-ի ընդվզմանը հաջոդած իրադարձությունները դարձան շատ կարեւոր ստուգատես, ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար:
Հուլիսի 17-ից մինչ 31-ը երկրում ստեղծված արտառոց իրավիճակում, երբ առավել քան երբեւէ քաղաքական խոսքի, քաղաքական մտքի եւ ուղղորդման կարիք կար, մեր գրեթե բոլոր քաղաքական ուժերը անհետացել էին: Իսկ այն հատուկենտ ուժերն էլ, որոնց առաջնորդները փորձեցին Խորենացի փողոցում դերակատար դառնալ, արժանացան պարսավանքի:
Թե ինչպես քաղաքական խանդի արդյունքում Նիկոլ Փաշինյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների միջեւ ծագած հակասություւնները, ի վերջո, հանգեցրին Փաշինյանի հեռացմանը հարթակից, բոլորի աչքի առջեւ էր:
Դրանից ոգեւորված եւ Խորենացի շտապած «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, առհասարակ, չընկալվեց հավաքվածների կողմից. նախկին արտգործնախարարին մեկ առ մեկ հիշեցրին նրա անցյալի դառը էջերը՝ սկսած Մարտի 1-ից, ավարտած Ղարաբաղի «օկուպացված տարածքների» հետ կապված ձախողակ քաղաքականությամբ:
Հուլիսյան օրերին հարթակում հայտնվելու փորձեր կատարեց նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որին եւս կարճ ժամանակ անց ասվեց բարի ճանապարհ:
Միակ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչների դերակատարությունը շարունակական էր, «ժառանգությունն» էր, այն էլ, սակայն, առանց Րաֆֆի Հովհաննիսյանի, որի՝ հարթակում չհայտնվելն էլ, թերեւս, հենց դրա բացատրությունն է: Հակառակ դեպքում Խորենացիում հաստատ Րաֆֆուն կհիշեցնեին 2013թ ապրիլին Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելն ու ժողովրդին Բաղրամյան փողոցում լքելը:
Հիշատակվածից դուրս մնացած անխտիր բոլոր քաղաքական ուժերը կա՛մ բերաններն առհասարակ ջուր առան եւ լեթարգիական քնից արթնացան միայն իրադարձությունների հանգուցալուծումից հետո, կա՛մ իրենց դիրքորոշումները համաձայնացնելով Բաղրամյան 26-ի հետ՝ դրանք հրապարակեցին հունիսի 22-ին Սերժ Սարգսյանի խոսքից հետո /ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ/, կամ էլ մի պահ ճիշտ չկողմնորոշվելով՝ Ժ. Սէֆիլյանին քաղաքական նոր ձեւաչափում ընդգրկելու առաջարկ անելու անզգուշությունն ունեցան եւ դրանից հետո, առհասարակ, կորեցին /ինչպես նախկին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը/:
Այս ամենից հետո հանրության համար եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ում քաղաքական ուժեր, իբրեւ այդպիսիք, գոյություն չունեն:
Կան այս կամ այն կենտրոնից ուղղորդվող մարդկանց խմբակներ, որոնք վճռորոշ պահերին անցնում են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:
armlur.am