«Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է։ Պետական միջամտության շրջանակներում Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման-պանթեոն կառուցելու համար։
Բայց անցել Է 5 ամիս, և անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել։ Հարազատները գալիս Էին ու տեսնում, որ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ են անցել-դարձել, ու բարկանում էին։ Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից և սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն։
Վիկտոր Յուզիխովիչի մորաքրոջ ամուսինն Էլ՝ Անդրանիկ Ազոյանը, որը բետոնային աշխատանքների մասնագետ Է, արագ գործի գլուխ Է անցել։ «Բոլորն Էլ համաձայն են, որ ավելի լավ Է, մեզ քիչըմ նեղություն տանք, որակով շինարարություն լինի, քան ոչինչ չլինի, հասնի սեպտեմբերը, անձրևային եղանակին գործը կիսատ-պռատ մնա»,– ասում Է նա։
Որպես բետոնի մասնագետ, վստահեցնում Է. գերեզմանները ճանապարհից առանձնացնելու, բետոն լցնելու համար ամենաշատը 10-15 օր Էր պետք, բայց գործը ձգվեց 4 ամիս։ Խայտառակ դրվագներից այս օրերին խուսափել չհաջողվեց։ Զոհված սպա Վիկտոր Յուզիխովիչի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը, քիչ էր մնում գետնի տակ թաղեր ՊՆ-ի մրցույթում հաղթող շինարարական կազմակերպության տնօրեն Սարգիսին, երբ տեսավ, որ որդու գերեզմանի վրայով մեքենա Է անցել։ «Փոսն եմ գցել, ուզել եմ թաղել, տղերքը պահեցին»,– ասաց նա։
Մինչ այդ «Ախուրյանում» գրանցված այդ կազմակերպության տնօրենը զոհվածների հարազատներին հայտնել Էր, որ ՊՆ-ն իրենց գումարները չի տրամադրում, և հենց դա Է պատճառը, որ աշխատանքները ժամանակին չեն արվում։ Երկու օր առաջ պանթեոն էին գնացել Շիրակի զինկոմ Գագիկ Խաչատրյանը և ՊՆ-ից մի պաշտոնյա։ Նրանք խոստացել էին, որ երեք օրում գումարները կտրամադրվեն, և աշխատանքները կվերսկսվեն։
«3 օր ժամանակ են տվել, իրենք արդեն սկսել են աշխատել,– ասում է Թալիշում զոհված Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արամ Աբգարյանը։– Մենք լցնում էինք բետոնը, իրենք էլ եկան, որոշեցին, որ երեք օրում գումարները կփոխանցեն»։
Դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ պարզելու, թե ինչպես է ընտրվել կապալառու կազմակերպությունը, և ինչու վերջինիս գումարներ չեն տրամադրվում։ Սակայն նա ոչ զանգերին էր պատասխանում, ոչ հաղորդագրություններին», գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 2816 անգամ