Կոմպրոմիսի դավադիր բլեֆը. Լևոն Շիրինյան
2016-08-21 02:25:00

Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ վերջին շրջանում հաճախակիացել են փոխզիջումային տարբերակների առաջքաշումն ու քննարկումը: Hayeli.am-ը ներկայացնում է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի դիրքորոշումն ու տեսակետն՝ ի պատասխան արցախյան հիմնախնդրի կոմպրոմիսային տարբերակի:

Հայաստանում (Արցախում) և Սփյուռքում ապրող հայրենակի´ց, Հայաստանի քաղաքացի´,

Մենք ձեզ հետ միասին ապրիլյան պատերազմի նախօրյակից, նրա ընթացքում և նրանից հետո ենթարկվում ենք ինտենսիվ քաղաքական-հոգեբանական պրեսինգի, որտեղ լայնորեն կիրառվում են քաղաքականության մեջ օգտագործվող հոգեբանական երկու միջոցներ՝ մանիպուլյացիան (խեղաթյուրումը) և ներշնչանքը: Դրան զուգահեռ՝ խեղաթյուրվում է կոնֆլիկտաբանության կամ հակամարտություների տեսության էությունը՝ կոնկրետ հայաստանյան կտրվածքով: Պնդում են՝ իբրև թե կոնլֆիկտի լուծումը, որը իրականության մեջ դիտվում է որպես կոնֆլիկտի կարգավորում, ոչ թե լուծում, բացառապես ենթադրում է կոմպրոմիս (փոխզիջում): Սակայն, եթե նկատի ունենանք համաշխարհային պատմական փորձը, դժվար կգտնենք որևէ կոնֆլիկտ, որը լուծվել է փոխզիջումով: Օրինակ՝ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կոնֆլիկտում (1982 թվականի, ապրիլի 2),  ո՞րն է Անգլիայի փոխզիջումը Արգետինային, ո՞րն է Ղրիմի պարագայում Ռուսաստանի փոխզիջումը Ուկրաինային կամ Կուրիլյան Կղզիներում Ռուսաստանի փոխզիջումը Ճապոնիային: Առավել ևս ո՞րտեղ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում փոխզիջման գործընթացը: Օրինակները կարելի է շարունակել, բայց բավարարվենք թվարկվածներով:
Արձանագրենք նաև, որ 1908 թվականի Իթթիհատ-Դաշնակցություն համաձայնությունը հայության կողմից մեծագույն զիջում էր թուրքական կողմին: Հայտնի է, որ այն ավարտվեց աղետով՝ Արմենոցիդով՝ համաշխարհային հանրության բաց աչքերի դիմաց:
Փոխզիջումները կարող են կայանալ այնտեղ, որտեղ հակամարտությունների կողմերի միջև առկա է կոնսենսուս (փոխհամաձայնություն): Ինչպես տեսնում ենք՝ թվարկված պարագաներում կոնսենսուսի բացակայությունը խժռում է կոմպրոմիսը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ 1878 թվականի Բեռլինի Կոնգրեսից սկսած, երբ հայկական հարցը միջազգայնացավ, հայության՝ կոնսենսուսի որոնման յուրաքանչյուր փորձ ավարտվել է աղետով: Հիշե´ք Հայկական Նախիջևանի ճակատագիրը, որը այսօր վերածվել է պանթյուրքիզմի որջի:
Այսօրվա հայ կոլաբորացիոնիստներին (թշնամու հետ համագործակցողներ) հիշեցնում ենք և զգուշացնում. չի´ կարելի խաղալ կոնֆլիկտի տեսության հետ՝ թեկուզ տգիտությամբ, թեկուզ շահառությամբ, մանավանդ զբաղվել նրա մանիպուլյացիայով և նրա ձեռնածությամբ:
Այն կարող է հանգեցնել հերթական աղետին միջազգային երաշխիքների տիրական ներկայության պայմաններում: Ավելացնենք նաև՝ անթույլատրելի է Արցախի քաղաքական ճանաչման ֆետիշացումը՝ զուգորդված տարածքային զիջումներով:
Արցախյան հատվածում հայկական զինուժը անպայմանորեն պետք է.
• պահի Հորադիզից մինչև Մեղրի ընկած սահմանը Իրանի հետ,
• Արցախի հյուսիսային հատվածում այն սահմանադիրքը, որը տիրականորեն իշխում է Եվլախի կոմունիկացիոն (հաղորդակցական) հանգույցը և խողովակաշարերը,
• գիտակցելով Ադրբեջանի պանթյուրքիստական պետության ֆաշիստական էությունը՝ մենք պարտավոր ենք մեր շարժման ողջ ընթացքում արտահայտել մեր հաստատուն կամքը Ադրբեջանի ավտոխտոն (բնիկ) ժողովուրդների, առաջին հերթին՝ թալիշների պայքարի հանդեպ: Ուստի, անթույլատրելի է Ակնայի (Աղդամ) ուղղությամբ Արցախի բանակի առջադիրքերի փոփոխությունը՝ ի վնաս Արցախի:
Ինքնին հասկանալի է, որ մենք կանգնած ենք դժվարին փորձությունների նախաշեմին, եթե արդեն չենք գտնվում: Ուստի, ինչպիսին էլ լինի պատմական ճակատագրի ծանրությունը, հանուն մեր Հայրենիքի ապագայի և պետականության ներկայի մենք պարտավոր ենք հետապնդել կյանքի կողմից առաջադրված անվտանգության վերոնշյալ խնդիրները:
Գիտակցում ենք նաև, որ հայության մեջ կարող է լինել մի շերտ, որը անիծյալ բոլշևիկյան ավանդույթով կփորձի աճուրդի հանել Հայաստանի (Արցախ) ազգային-պետական շահերը: Դրանք քիչ են և զառամյալ: Եթե դա այդպես է, ուրեմն, հետևելով Ռափայել Պատկանյաի օրինակին, մենք այդ հատվածին կանվանենք ԱՐՄՅԱՇՔԱՆԵՐ:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 3786 անգամ