ԱԺ ՀՀԿ-ական պատգմավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ում պատկանող «Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ են ճանաչվել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե չի պատրաստվում որեւէ մեկին որեւէ բան նվիրել:
Նա հայտարարեց, որ եթե մարզադաշտը պետք է վերադարձնի պետությանը, ապա իրեն պետք է վերադարձնեն այս տարիների ընթացքում այնտեղ արած իր ներդրումների 50 տոկոսը՝ 15 միլիոն դոլար: «Ես մտադիր չեմ շուկայական գներով վաճառելու այն, այլ մտադիր եմ, որ այն գումարները, որ ներդրվել են ստադիոնի վրա, որոնք կարող էին չներդրվեին, կարող էին լինել ուրիշ բիզնեսի մեջ, պտտվեին Շվեյցարիայում, բայց ես այդ քայլին չեմ գնացել եւ գոնե իմ ծախսած գումարների 50 տոկոսը, եթե պետք է մարզադաշտը վերադարձվի պետությանը»,- հայտարարեց Աղաբաբյանը:
Նա կրկնում էր, որ խնդիրը կապված է երկու գագիկների՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եւ շարունակում էր նրանց մեղադրել իր սնանկացման մեջ:
Հիշեցնենք, ֆիննախը Աղաբաբյանին տուգանել էր 60 միլիոն դրամով՝ հարկային պարտավորությունները չկատարելու համար, իսկ Գագիկ Ծառուկյանը անվճար տեղեր էր հատկացրել տոնավաճառի առեւտրականներին այն բանից հետո, երբ Բուռնաշը բարձրացրել էր տեղի վարձավճարը:
Աղաբաբյանն «Ազատության» եթերում ասում էր, թե Ծառուկյանի արածը (նկատի ունի վաճառականներին անվճար տաղավարների հատկացումը), բարեգործություն չէ, այլ պետությանը խաբել է, քանի որ անհասկանալի է, թե ինչպես կարող է գործարարը անվճար տեղ հատկացնի: Ի դեպ, Աղաբաբյանը պատմում էր նաեւ, որ ֆինանսների նախարարը 23 միլիոն դոլարով գնել է «Միկա»-յի դաշտը:
«15 տարվա մեջ ո՞նց կարող է մարդը Հայաստանում այդքան հարստանալ: Իհարկե, կասկածում եմ, որ այդ հարստությունը նրանք արդար ճանապարհով են ձեռք բերել»,- հայտարարեց Աղաբաբյանը:
Այդուհանդերձ, նա չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին: Հարցին՝ պատրա՞ստ եք հայտարարության տալ իրավապահներին, Աղաբաբյանը պատասխանեց. «Ամեն ինչի էլ պատրաստ եմ, բայց երբեք չեմ դիմի այդ ճանապարհին»:
Այս նյութը դիտել են - 4586 անգամ