Անսպասելի իրավիճակ իշխանության համար
2016-08-22 01:27:00
Ապրիլյան ռազմագործողություններից հետո Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակտիվացման բուռն փուլ սկսվեց, որին զուգահեռ նաեւ սկսեցին «գաղտնազերծվել» բանակցության նախորդ փուլում առկա տարբերակներն ու առաջարկները:

 Նախ Սերժ Սարգսյանը «գաղտնազերծեց» Կազանի ռուսական պլանը, որը Մադրիդյան տարբերակի մոդիֆիկացիան էր: Այնուհետեւ Կրեմլին մոտ կանգնած փորձագետների միջոցով եղան տեղեկատվական արտահոսքեր հայկական կողմի մտադրությունների ու զիջումների վերաբերյալ:

 «Էստաֆետը» շարունակեցին ու ավարտին հասցրին Մինսկի խմբի նախկին եւ ներկա համանախագահներ Բրայզան եւ Ուորլիքը, ովքեր փաստացի ամբողջական «գաղտնազերծեցին» բանակցային նախորդ փուլը:

 Սովորաբար, նման գաղտնազերծումներն արվում են այն պարագայում, երբ դրանց առարկան, տվյալ դեպքում կարգավորման տարբերակներն ու առաջարկները, դուրս են բերվում շրջանառությունից, եւ մեկնարկ է տրվում նոր փուլի: Բացի այդ, գաղտնազերծումներն ունեն նաեւ «հարակից» նշանակություն, օրինակ՝ ինչ-ինչ գործընթացների խթանումը թե ներքին, թե արտաքին քաղաքականության խնդիրներում:

 Ապրիլյան ռազմագործողություններն այդպիսով դարձան յուրատեսակ սահմանագիծ, որից հետո սկսվում է նոր փուլը՝ նոր խնդիրներով ու միտումներով: Դրանք արդեն իսկ բավական նկատելի են: Բացի այդ, ապրիլյան ռազմագործողությունները բացահայտեցին մի շարք հանգամանքներ, որոնք էական դեր ու նշանակություն են ունենալու «կարգավորման» նոր փուլում:

 Նախ, պարզվեց, որ պաշտպանության ու անվտանգության ոլորտներում վարվել է հանցավոր քաղաքականություն, բանակը մատնվել էր «անտերության» ու անուշադրության բառի բոլոր իմաստներով: Կոռուպցիոն սխեմաների մասնակի բացահայտումից հետո պարզ է դարձել, որ եղած միջոցները լիուլի բավարար են եղել բանակը վերազինելու եւ պատերազմի հանկարծակիությունը կանխելու համար:

 Պարզ է դարձել նաեւ, շնորհիվ հիմնականում միջին ու կրտսեր սպայակազմի ու զինվորների նվիրման ու հանրության ջանքերի, որ նույնիսկ այդ պայմաններում բանակը ու հանրությունը կարող են եւ պատրաստ են կանխել ողբերգությունը:

 Հաջորդ էական գործոնը արտաքին քաղաքականության, ավելի ճիշտ դրա բացակայության բացահայտումն էր: Այն իր հետեւանքներով չի զիջել պաշտպանության ու անվտանգության ոլորտում վարվող քաղաքականությանը, եւ ավելին՝ այն հնարավոր է դարձրել ապրիլյան պատերազմը:

 Եվ թերեւս ամենակարեւորը՝ պարզ է դարձել, որ հայկական կողմից ոչ ոք զիջումներ, այդ թվում տարածքային, չի պահանջում, բացի Ադրբեջանից ու Ռուսաստանից (թեեւ Ռուսաստանի դեպքում այս մասին կարելի է խոսել որոշակի վերապահումներով): Ապրիլյան պատերազմի «սեպարատ» զինադադարը եւ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումը դրա վկայությունն են:

 Հայաստանի իշխանությունն այս ամենի արդյունքում հայտնվել է  դեմ առ դեմ հանրության ու սեփական խնդիրների առջեւ, եւ դա բավական անսպասելի իրավիճակ է այն առումով, որ ավանդական փաստարկներն այլեւս չեն աշխատում:

 Այդ փաստարկները հանգում էին նրան, որ տարածքները հանձնելու հարցում կա միջազգային պահանջ եւ ճնշում, տնտեսական «օբյեկտիվ դժվարությունները» հնարավորություն չեն տալիս լուծել սոցիալ-տնտեսական ու պաշտպանական լուրջ խնդիրներ եւ այլն: Պարզվեց՝ խնդիրը ոչ թե միջազգային կոնյունկտուրան ու փողն է, այլ իշխող համակարգի կլեպտոկրատական բնույթը: Տարածքները միայն Ադբեջանն է պահանջում, իսկ պետության ռեսուրսը մսխվում է իշխող համակարգի նեղ շահերի համար:

 Այսպիսով, իշխանությունը զրկվել է որեւէ փաստարկից ու արդարացումից, եւ նույնիսկ իսկապես առկա օբյեկտիվ հանգամանքները ոչ մեկին չեն հետաքրքրում: Խնդիրը կառավարման համակարգի անարդյունավետության, համակարգային կոռուպցիայի, իշխող համակարգի որակների մեջ է: Կա՞ այս իրավիճակը փոխելու կամք եւ ցանկություն:

 Ինչպես ասել է Կրեմլին մոտ կանգնած փորձագետներից մեկը, եթե հայկական կողմը հողեր հանձնի, ապա դա լինելու է զուտ Հայաստանի ներքին իրավիճակից բխող խնդիր: Ռուս փորձագետի կողմից իհարկե սա ցինիկ է հնչում, բայց՝ ճշմարիտ: Հայաստանի իշխանությունը կանգնել է այս մերկ ճշմարտության ու լիակատար պատասխանատվության առջեւ:

lragir.am

Այս նյութը դիտել են - 4716 անգամ