«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ խափանման միջոց կմնա կալանքը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Գարեգին Չուգասզյանի փաստաբան Արա Զաքարյանի խոսքերով՝ քննիչը որոշել էր Չուգասզյանին հարցաքննության կանչել եւ ժամեր անց որոշել է փոխել խափանման միջոցը եւ որոշում է կայացրել նրան կալանավորել:
«Իրեն պետք է կանչեին հարցաքննության ապրիլի 24-ի գործի հետ կապված: Մեկ օրվա մեջ մի քանի ժամվա ընթացքում իբրեւ կանչել են, չի ներկայացել, ու անմիջապես որոշում են կայացրել կալանավորելու վերաբերյալ: Իբրեւ գնացել են բնակման վայր, տեսել են չկա ու անհապաղ կալանավորման որոշում են կայացրել:
Սա բացահայտ անօրինականություն է, որովհետեւ այդ կարճ ժամանակահատվածում կանգնել ասել, որ մարդուն կալանավորելու անհրաժեշտություն կա, դա ակնհայտորեն չի բխում օրենքի պահանջներից:
Այսինքն մարդը, մեղադրյալը, ում նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն որպես խափանման միջոց է կիրառված, մի քանի ժամով տանից բացակայեց, շատ վատ նախադեպ է ստեղծվել, որ իրենք կարող են անմիջապես կալանավորելու մասին որոշում կայացնել:
Չուգասզյանն ընդհատակում է, բայց որոշում կա, որ հենց գտնեն, կալանավորեն»:
Ըստ փաստաբանի՝ քննչական մարմիններն ու դատարաններն աշխատում են այնպես, ինչքան որ ունակ են, եւ այնպես, որ վերեւից իջեցրած պատվերը փայլուն կերպով կատարեն:
Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը, որովհետեւ փաստաբանը սա համարում է վտանգավոր նախադեպ:
«Պետք է պատասխան տրվի՝ որ պայմաններում անձը պետք է կալանավորվի, որ պայմաններում՝ ոչ: Օրենքի պարզաբանման լուրջ հարց կա, միանշանակ սա բողոքարկման ենթակա որոշումներից է:
Որքանով եղած տեղեկությունն ու փաստերը վկայում են, վերեւից հրահանգ է իջեցված Հիմնադիր խորհրդարանի բոլոր անդամներին կալանավորելու վերաբերյալ»:
Քրիստինա Մկրտչյան
galatv.am
Այս նյութը դիտել են - 3387 անգամ