ՀՀ ԱԺ-ն ի՞նչ կոճակ սեղմող պատգամավորացու է կորցրել, Է՜...
2016-08-22 12:18:00

 ԷՇՆ ԷԼ, ԱՎԱՆԱԿՆ ԷԼ` ՆՈւՅՆ ԿԵՆԴԱՆԻՆ ԵՆ
Մեր թաղում մի տղա երեխա կար՝ անունը Աշոտ: Երեխան ժամանակից շուտ էր ծնվել` յոթնուկ էր, թույլ ու տկար:
Ծնողների ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին: Երեխան այդպես թույլ ու տկարամիտ էլ մեծացավ: Մերը փոքր քաղաք է, ուր 5-6 միջնակարգ դպրոց կար, բայց ոչ մի դպրոց, որտեղ կարող էին սովորել զարգացման նորմայից շեղում ունեցող կամ արատավոր երեխաները:
Աշոտիկի յոթ տարին լրացել էր, բայց արի ու տես, որ ոչ մի դպրոցում չէին ընդունում, որովհետև երեխան մտավոր հետամնաց էր:
Ծնողները այն ժամանակվա ռայկոմի կրթության բաժնի վարիչին խնդրել-աղաչել էին, որ թույլ տա, դպրոց վերցնեն երեխային:
Գուցե շփվի մյուս երեխաների հետ,մի բան էլ սովորի:
Չսովորեց:
Երկու տարի թողեցին նույն դասարանում: Երրորդ ուումնական տարվա ավարտին ուսուցիչը խղճաց տղային ու որոշեց օգնել:
Կանչեց աշակերտին ու այբբենարանում մի նկար ցույց տալով ասաց.
-Աշոտ, եթե կարդաս ինչ է գրված նկարի տակ, քեզ կփոխադրեմ հաջորդ դասարան, եթե ոչ՝ մեղքը քոնն է:
Նկարին նայելով տղան հասկացավ, թե ինչ գրված կլինի ու ձևացրեց, թե կարդում է.
-Է-է-շ-Էշ...
Բայց նկարի տակ «Ավանակ» էր գրված:
Թեև տղան ոչ տառերն էր յուրացրել, ոչ էլ կարդալ գիտեր, ուսուցիչը կռահելու համար փոխադրեց երկրորդ դասարան:
Աշոտը դպրոցից ոչ մի գիտելիք չստացավ: Դասընկերները 5-րդ դասարան էին փոխադրվել, իսկ Աշոտը կրկին պետք է 2-րդ դասարան նստեր:
Դպրոցի տնօրինությունն ու ծնողները փոխհամաձայնության եկան, որ այլևս Աշոտին անհնար է դպրոցում պահել:
Աշոտը դպրոցից միայն իր «ՀԱՎ» մականունը տարավ տուն...
Տարիներ անց, ծննդավայրիս շուկայում կիլոգրամը 40 դրամով երկու կիլոգրամ լոլիկ եմ առնում մի տղամարդուց, որի դեմքը տարիների հեռվից ծանոթ է երևում, բայց տեղը չեմ բերում: 100 դրամանոցը տվեցի, սպասում եմ մանրին, երբ էս տղամարդը գոռում է մի ուրիշ վաճառողի.
-Ասյա՜, ա՛յ Ասյա, 40 դրամով 2 կիլո պամիդոր եմ ծախել, 100 դրամ փողա տվել, ինչքա՞ն սդաչի տեմ տալ...
-Տո՛ հավ, 2 րոպե չի անցել, որ նույն հարցիդ պատասխանն ասի,-թնդաց Ասյան,-էլ հարցնես ոչ, ասիլ չտեմ...
-Աշոտ,-ասում եմ,-դու ինձ «սդաչի» պարտք չես, բայց կասե՞ս, ոնց ես աշխատում:
-Ի՜, թուք ու մուր ուտելով աշխատում եմ, էլի՜...Բա կնԳանս ու երեխաքիս ո՞նց պահեմ, որ չաշխատեմ...
-Պարզ է,-ասացի ու հեռացա:
Պահո՜, կին ու երեխաներ էլ ունի: Աշոտին առանց ուղեղն աշխատացնելու գործ է պետք, բայց ի՞նչ գործ...Լոգիկա՜...
ՀՀ ԱԺ-ն ի՞նչ կոճակ սեղմող պատգամավորացու է կորցրել, Է՜...
Ի՞նչ կլիներ, որ մի հավ էլ ավել պահեին...
Այս նյութը դիտել են - 5714 անգամ