Բազմիցս ենք, թերևս, խոսել այն մասին, թե ներկայումս որքան անմխիթար վիճակում է գնտնվում հայաստանյան առողջապահական ոլորտն ու որքան «հաց ու պանիր պետք է ուտի» համապատասխան նախարարությունը` հասցնելու համար ոլորտի զարգացումն այնպիսի մակարդակի, որպեսզի հնարավոր լինի հաստատապես ասել`Հայաստանում ստեղծված են քիչ թե շատ տանելի պայմաններ`մարդու համար ամենակարևորի`առողջության մասին հոգ տանելու:
Բայց արի ու տես` պարզվում է` առողջապահության նախարարությունում սկսել են այլևս սեփական անձերին ու աշխատելաոճին քննադատաբար չմոտենալ,իսկ ցանկացած քննադատություն, թեկուզ առողջ, ընդունել «սվիններով»:
Մասնավորապես` պարզվում է` մեծ աղմուկ է հանել կառավարության նախկին անդամներից մեկի կողմից կատարած այն գրառումը, որում խոսք է գնացել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների մասին,երբ հեղինակն իր մտավախությունն էր արտահայտել ԱՆ կողմից իրականացվող պատվաստումների հետ կապված՝ նշելով, որ դրանք հաճախ դառնում են մարդկանց գլխին իսկական սպառնալիք:
Ռեակցիան, որ հետևել էր այս գրառմանն, առավել, քան խոսուն էր, անգամ`տարօրինակ,երբ արձագանքն այդ ստացվել էր պաշտոնական արձագանքի տեսքով, որում Մուրադյանի ենթականերն իրենց զարմանքն ու վրդովմունքն էին հայտնում գրառման հեղինակի արտահայտած մտքերի հետ կապված:
Հայտնի է, որ ցանկացած հանրահայտ մարդ,ցանկացած մեկն,ում աշխատանքի բնույթը ստիպում է հաշվի առնել հասարակության կարծիքն սեփական անձի մասին, հոգ է տանում այն մասին,որպեսզի իր մասին խոսեն միայն դրականը.սա չինովնիկների,հասարակական գործիչների բնական մղումն է:
Բայց հայտնի է նաև,որ լավագույն ճանապարհը`ստիպելու մարդկանց քո մասին խոսել դրականն ու հարգել քեզ,շարունակում է մնալ բարձր ՕԳԳ-ն, ինչը, ցավոք, ոչ միշտ է բնութագրական մեր չինովնիկներին. Արմեն Մուրադյանն դրանց շարքում է: Իհարկե, ասել, թե մեր երկրում բժշկության մակարդակը մոտ է զիմբաբվեականին, չափազանցություն կլիներ, բայց, ինչ խոսք, փաստ է, որ ոլորտում տիրող բարքերն ամենևին էլ հետ չեն մնում ասենք Նիգի համապատասխան ոլորտում իշխող բարքերից.նույն անարդարությունն է,նույն կոռուպցիան ու համատարած թալանը:Միայն մարդկանց հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացում առկա բացթողումներն ու կոռուպցիոն անցքերը բավարար են` պատկերացում կազմելու համար,թե ինչ է կատարվում ոլորտում:
Ամենևին էլ նորություն չէ,որ մեզանում հաշմանդամության կարգ ստանալը կապված է ԽԾԲ-ական ինստիտուտի հետ.մինչև մի թափով ծանոթ չես ճարում ու գլխից էլ չես մուծվում, թեկուզ կեսդ էլ չլինի, համապատասխանները քեզ երբեք կարգ չեն շնորհի:
Այստեղ զավեշտը հասել է այն աստիճանի,որ,պարզվում է, չկան հիվանդություններ, որոնց դեպքում անպայման տրվում է հաշմանդամություն և չկան հիվանդություններ, որոնց դեպքում չի տրվում:Այսինքն` ամեն բան արված է` հարցը սուբյեկտիվ հիմքերի վրա դնելու ու վերջնական որոշումը համապատասխան օղակի չինովնիկների խղճից կախելու համար:Իսկ ինչպես հայտնի է, չինովնիկները, սովորաբար, խիղճները գրպանները դրած են ապրում`առանց խորանալու դրա հետևանքների մեջ.այդպես ավելի հեշտ է:
Վերոգրյալը, թերևս, այն մի կաթիլն է կոռուպցիոն մեխանիզմենրի ծովում,որոնք թույլ են տալիս ոլորտը դարձնել ոսկու կարաս նրանց համար, ում պատասխանատվության տակ է գտնվում հանրային առողջությունն, ու ովքեր սովոր են իրենց ունեցած-չունեցածը կնոջ կամ զոքանչի անունով ձեակերպել…
Մնում է, պարզապես, մի խորհուրդ տալ նախարար Մուրադյանին. եթե իրեն մտահոգում է այն հարցը,թե ինչ են խոսում իր մասին հասարակական շրջանակներում, ապա թո՛ղ ոչ թե սրան-նրան քսի տա մարդկանց վրա`իբր պաշտպանելու շեֆի բարի անունն, այլ ամեն ինչ անի՝ վերացնելու թերություններն ու աղաղակող անարդարությունները. սելֆիներ անելով վարկանիշ ձեռք չես բերի… norlur.am
Այս նյութը դիտել են - 7558 անգամ