Աննախադեպ սկանդալ. Իրանը վռնդել է ռուսներին «Լրագիր»
2016-08-23 01:30:00

Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանի կողմից Համադանի ավիաբազայի օգտագործումը: Ինչպես հայտնի է, հենց Սիրիայի տարածքը ռմբակոծելու համար այդ բազայի օգտագործումն էր դարձել Բաքվում Իրանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման գլխավոր ձեռքբերումը:

 Ինչպես ասել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհանը, «դա ոչ ջենտլմենական պահվածք էր ու մի տեսակ՝ ցուցամոլություն»: Ռուսաստանը ցանկանում էր ցույց տալ իր ուժը, ԱՄՆ-ի հետ բանակցություններում փաստարկ ունենալու համար, ասել է նախարարը:

 Սա աննախադեպ իրավիճակ է քաղաքականության մեջ, եւ նման քայլի գնալու համար Իրանը պետք է որ շատ բարկացած լիներ: Ակնհայտ է, որ պատճառը միայն Ռուսաստանի ցուցամոլությունը չէ: Չի բացառվում, որ խնդիրը Ռուսաստանի պահվածքն էր Սիրիայում, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին ցանկանում է չեզոքացնել քրդերին:

 Քրդերը Սիրիայում կռվում են Իսլամական պետության դեմ: Չնայած քրդերը Սիրիայի հյուսիսում ինքնավարություն են հռչակել, սակայն նրանք չեն կռվում Ասադի զորքերի դեմ:

 Սանկտ Պետերբուրգում Պուտինի ու Էրդողանի հանդիպումից հետո, ինչպես նկատել են փորձագետները, ռուսական ավիացիան ռմբակոծում է հիմնականում քրդերին: Քրդերի դեմ է գործում նաեւ Թուրքիան:

 Քրդերին ռուսները վերաբերվում են ոչ պակաս «բարեկամաբար», քան հայերին: Այն փուլում, երբ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները փչացել էին, Մոսկվան սկսեց «փայփայել» քրդերին: Մոսկվայում նույնիսկ գրասենյակներ բացվեցին: Բայց հենց Պուտինն ու Էրդողանը կրկին բարեկամացան, ռուսները «գցեցին» քրդերին եւ նրանց ներկայում անվանում են «սեպարատիստներ»:

 Թուրք եւ ադրբեջանցի փորձագետները միաբերան պնդում են, որ Արեւմուտքը ակտիվացրել է քրդական գործոնը ոչ միայն Իրաքում ու Սիրիայում, այլեւ Թուրքիայում: Ռուսաստանն ըստ ամենայնի ցանկացել է օգտագործել Իրանի հետ համաձայնությունը քրդերի դեմ պայքարում Թուրքիային աջակցելու համար: Հնարավոր է Պուտինը չէր սպասում, որ Իրանը կարող է պարզապես վռնդել ավիաբազայից:

lragir.am

Այս նյութը դիտել են - 2506 անգամ