«Հայերն այս անգամ որեւէ խոստումներ չեն ակնկալելում»:
Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կածեն իրենց խոստումները, սակայն, այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու.
«Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկայն հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ»:
Մինչ ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է խորհել, թե ում աջակցել առաջիկա ընտրություններում, Միացյալ Նահանգներում թեժ քննարկումներ են ընթանում պաշտոնական Մոսկվայի կողմից հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու վերաբերյալ, ինչի արդյունքում նվազել էր ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների թիվը:
Նախորդ շաբաթ Թրամփը ստիպված էր աշխատանքից ազատել իր նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորդին, ով մեղադրվում էր տարիներ առաջ Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի վարչակազմից խոշոր գումարներ ստանալու մեջ: Ակնհայտորեն մեղմացել է նաեւ Թրամփի հայտարարությունների ոճը:
«Երբեմն, բանավեճով տարված, ճիշտ բառեր չես օգտագործում... կհավատաք ինձ թե ոչ, բայց ես զղջում եմ, որ դրանով կարող էի անձնական ցավ պատճառել որոշ մարդկանց», - ասել էր Թրամփը:
Մինչդեռ Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմակիցներին Թրամփի խոսքերը չեն համոզում: Մասնավորապես, Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ռոբի Մուքը կարծում է, որ չնայած Մանաֆորդը լքեց Թրամփի շտաբը, Կրեմլի մասնակցությունը պահպանվում է.
«Դոնալդ Թրամփը պետք է մեզ բացատրի, թե որ չափով է Կրեմլի ձեռը խառնված նրա նախընտրական պայքարում: Ֆինանսական հետաքրքրությունների մի ամբողջ ցանց կա, որը չի բացահայտվել»:
Հատկանշական է, որ Թրամփը նաեւ կարող է հրաժարվել նախընտրական բանավեճից Քլինթոնի հետ, պատճառաբանելով իր որոշումն այն փաստով, որ երեք բանավեճերից երկուսը համընկնում են կարեւոր ֆուտբոլային խաղերի հետ: