Մասիս քաղաքում նախընտրական կրքերը եռում են «Հայելի»
2016-08-23 14:05:00

ՀՀԿ-ական 30-ամյա Դավիթ Համբարձումյանը, Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է և դրա  շնորհիվ արժանացել է ՀՀԿ-ի աջակցությանը, իր թիմին գործի է դրել պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ։

Քաղաքում Արշակի փեսայի ծածուկ գովքն են անում, որոշ շրջանակներին էլ սպառնում, որ վատ կվերջանա, թե չաշխատեն Դավիթ Համբարձումյանի համար։ Դավիթ Համբարձումյանի մրցակից ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չի այդ մասին, իրեն տեղեկություններ չեն հասել, որ քաղաքում գաղտնի քարոզչություն է իրականացվում։

Կարապետ Օհանյանը ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի օրոք եղել է փոխքաղաքապետ։

Ըստ մամուլի տեղեկությունների Նազարյանն այսօր չի աջակցում կուսակից ընկերոջը, ով երկար տարիներ աշխատել է իր հետ։ ԲՀԿ-ականը զրույցի սկզբում հայտնեց, որ հարցազրույց չի տալու եւ խոսելու է միայն օգոստոսի 30-ից հետո, այդուհանդերձ, մի քանի հարցերի չարձագանքել պարզապես չկարողացավ։ Իր մրցակցին միայն «հարգալից» գնահատեց, այլ տեղեկությունների մասին նա չէր լսել.«Ես ոչինչ չեմ տեսնում, հիմա իմ գործերն եմ կազմակերպում, որ անցնենք ընտրապայքարի»։

Կարապետ Օհանյանը հրաժարվեց պատասխանել, թե ակնկալում է հավասար մրցակցություն, թե՞ կլինի վարչական լծակների կիրառում։

Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ տարածքային կառույցը միասնաբար կպաշտպանի իր թեկնածությունը, մասնավորապես, Դմիտրի Նազարյանը, թեկնածուն ասաց.«Ես չգիտեմ, անկեղծ ասած Դմիտրի Նազարյանը կաջակցի, թե ոչ, բայց Բարգավաճի կառույցը միանշանակ աջակցելու է»,- վստահեցրեց նա։ ԲՀԿ-ականը հնարավոր համարեց, որ ՀՀԿ-ից էլ իրեն կաջակցեն.«Մենք եթե Բարգավաճ ենք, հո Հանրապետականի թշնամին չենք, կամ Հայաստանի հանրապետության թշնամին։ Մենք ավելի շատ բան արած ունենք պետականաշինության համար, քան այդ թիմում շատ շատերը», ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն Դավիթ Համբարձումյանը հայտնի թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է եւ ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրեն:

ՀՀԿ-ն հրաժարվեց գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանից, որը կրիմինալի դասին չի պատկանում։

Դավիթ Համբարձումյանը Սասնա ծռեր խմբի ապստամբության օրերին անձամբ է ղեկավարել Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկաններին։

Տեղեկությունների համաձայն քաղաքի ՀՀԿ-ում եւս միանշանակ դիրքորոշում չկա երիտասարդ թեկնածուի նկատմամբ։ Հակոբյանի թիմակիցները չի բացառվում, որ աշխատեն ՀՀԿ-ի թեկնածուի դեմ։ Չնայած Հակոբյանը լրատվամիջոցներին Դավիթ Համբարձումյանի գովքն է անում, բայց մասիսիցիները վստահեցնում են, որ պարտադրանքի արդյունք է .«Մարդ երբ ծնվում է, փորձը հետը չի ծնվում։ Փորձ ձեռք են բերում աշխատանքի տարիներին։ Եթե մարդը կիրթ է, փորձը շատ արագ է ձեռք բերում։ Նա շատ ինքնուրույն անձնավորություն է։ Ինքն իր երիտասարդ տարիքի համեմատ շատ կայացած և ինքնուրույն անձնավորություն է» «Առաջին լրատվականի» հետ զրույցում Դավիթ Համբարձումյանի մասին ասել է Սաշա Հակոբյանը։

Համբարձումյանի համար ակտիվ աշխատանքներ կտանի այդ շրջանից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը։

Մի քանի տարի առաջ Մուրադյանի ու Համբարձումյանի շրջապատը թշնամական հարաբերություններ ունեին, նրանց մասնակցությամբ հաճախ էր բախում լինում, հաշիվներ մաքրվում, բայց Համբարձումյանի աներոջ՝ Արշակի միջոցով հարաբերությունները կարգավորվեց, ոստիկանապետի թիկնազորի պետի միջնորդությամբ ըստ մամուլի հրապարակումների Մուրադյանի հարազատներից շատերը ոստիկանության համակարգում պաշտոններ են զբաղեցնում։

Անի Սահակյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 6006 անգամ