Նրանք ծեծել էին Վիգենին մահակներով, հարվածել ծնկներին եւ ոտքերին, հարվածել էին գլխին, մեջքին, բռունցքներով խփել դեմքին եւ կողոսկրերին, պատռել էին հանդերձները՝ միաժամանակ հայհոյանքներ ու նսեմացուցիչ բառեր տեղալով Վիգենի ընտանիքի եւ ծննդավայրի հասցեին. «Էսի ձեր երկիրը չի … Սիկտիր էղեք ստուց …»:
Կրկին գլխին, կրկին ծնկներին եւ «Սիկտիր էղեք ստուց»… Վիգենը աղերսում էր ու գոռում. «Տղաս, տղաս ո՞ւր է, Մհե՜ր, Մհե՜ր»:
Մհերին՝ 20-ամյա, մեկ այլ ոստիկան մազերից բռնած դուրս էր քաշել նույն տաքսիի հետեւի նստատեղից ու եւս ծեծի ենթարկել:
Մի քանի երկարուձիգ րոպեների ծեծից հետո Վիգենին նետել էին ոստիկանական մեքենայի մեջ, որտեղ նա գտել էր ծեծված Մհերին: Բայց դա երջանիկ պահ էր Վիգենի համար, քանի որ որդուն էր գտել: Եվ հիմա հայր ու որդի եւ այլ բանտարկյալներ, արյունահոսելով ու նվաստացած, ընկած էին ոստիկանական մեքենայի հատակին: Հրամայել էին լռել, մինչ սպաները տանում էին նրանց Զեյթունի ոստիկանություն: Ինչքան էլ դա վատ լիներ, դեռ ավելի լավ էր, քան այն, ինչ 18-ամյա Վարանդը՝ Վիգենի մյուս որդին, զգացել էր ինը օր առաջ:
Հուլիսի 20-ի գիշերը Վիգենը, Մհերը եւ Վարանդը միացել էին Երեւանի Խորենացի փողոցի խաղաղ ցուցարարներին, քանզի ճգնաժամ էր ծավալվել երկրում, երբ մի խումբ զինված մարդիկ գրավել էին մայրաքաղաքի ոստիկանական վարչական շենքերից մեկը: Նրանք հանգիստ կանգնած էին եղել հեռվում՝ ոստիկանական արգելապատնեշի ետեւում, երբ նրանց ժամանումից կարճ ժամանակ անց եւ առանց որեւէ նախազգուշացման ոստիկանությունը սկսել է նռնակներ նետել մարդկանց ուղղությամբ: Բախտի քմահաճույքով առաջին նռնակներից մեկը պայթել էր Վարանդի ոտքերի մոտ: Բեկորները խրվել էին նրա ոտքերի մեջ, եւ նա ընկել էր: Մհերն ու Վիգենը ավտոմեքենայով նրան հասցրել էին «Նաիրի» հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք: Ավելի ուշ Վարանդը պետք է վիրահատության մի քանի ժամեր անցկացներ՝ ոտքերի որոշ մկաններ վերականգնելու համար: Վարանդը դեռեւս չի կարողանում քայլել:
Հուլիսի 29-ին, երբ խաղաղ ցուցարարները հայտնվել էին Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում (թաղամաս, որը մի քանի օր առաջ ոստիկանության հետ բախումների թեժ կետ էր դարձել՝ կապված հիմնական կոմունալ ծառայությունների բացակայության հետ), Վիգենը եւ Մհերը, ամբոխի հետ հասնելով Սարի թաղ, պիտի ականատեսը լինեին, թե ինչպես են ավազակները ոստիկանության շարքերից քարեր նետում խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Ոստիկանությունը, օգտվելով այդ խառնաշփոթից, կրկին դիմել էր ձայն ու ծուխ արձակող նռնակների օգնությանը՝ նետելով ցուցարարների վրա: Այդ ժամանակ էր, որ Վիգենն ու Մհերը որոշել էին հեռանալ այդ տարածքից. նախ մի կարճ ժամանակ ապաստան էին գտել հարեւանությամբ, ապա տաքսի էին նստել տուն գնալու մտադրությամբ:
Այդ ժամանակ էլ նրանք հանկարծակի հարձակման եւ ծեծի էին ենթարկվել ոստիկանության հատուկ նշանակության ուժերի համազգեստ կրող անձանց կողմից: Սարի թաղում գտնվող մյուս ավտոմեքենաների ուղեւորները եւս նույն ճակատագրին էին արժանացել այդ գիշեր:
Այն բանից հետո, երբ Վիգենն ու Մհերը տեղափոխվել էին Զեյթունի ոստիկանություն, Վիգենին ասել էին, որ նա 72 ժամ ձերբակալված է լինելու: Հուլիսի 30-ին, շաբաթ օրը, վաղ առավոտյան ոտքից գլուխ վիրավոր ու դեռեւս արնաշաղախ հագուստով Վիգենին ձեռնաշղթաներ էին հագցրել ու տեղափոխել Աբովյանի քրեակատարողական հիմնարկ ու տեղավորել մեկ այլ խաղաղ ցուցարարի հետ միեւնույն խցում: Վերջինս 35-ամյա ծրագրավորման ինժեներ էր, որին նույնպես հանկարծակի դուրս էին քաշել ավտոմեքենայից Սարի թաղում մեկ օր առաջ: Թույլ էին տվել օրվա մեջ միայն կես ժամ շրջել փոքրիկ բակում:
Այդ երեք օրերին բանտապահներն արգելել էին Մհերին այցելել հորը: Դատախազները Վիգենին մեղադրանք ներկայացնելու համար որեւէ ապացույց չէին գտել, ուստի նա ազատ էր արձակվել կամայական կալանքից 70 ժամ անց եւ գնացել տուն կնոջ՝ Շողիկի մոտ: Վերջինս այժմ ստիպված է բուժել վերքերը իր կյանքի երեք տղամարդկանց՝ Վիգենի, Մհերի եւ նաեւ Վարանդի, որին հատկապես պետք էր հենարան լինել եւ օժանդակել իր բոլոր կարիքները հոգալու համար: Ֆիզիկապես անվնաս միակ տղամարդը ընտանիքում 12-ամյա Նարեկն էր:
Ո՞վ է Վիգենը
Նա ծնվել է Լիբանանում, ապա տեղափոխվել Լոս Անջելես, երբ 18 տարեկան էր: Ուսումնասիրել էր մեքենաշինություն եւ գրեթե 20 տարի բավական հաջողությամբ վարում էր իր փոքր բիզնեսը Լոս Անջելեսում: Այս ընթացքում ներգրավված է եղել համայնքի բոլոր հնարավոր նախաձեռնություններում. իր մասնակցությունն է ունեցել Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան գործունեությանը, երիտասարդության գծով խորհրդական է եղել, առաջնորդել սկաուտական ճամբարներ, աջակցել տեղական համայնքային կազմակերպություններին: 2001-2006թթ. Վիգենը հարյուր հազարավոր դոլարներ է հավաքել՝ Հայաստանի, ինպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի (ինչպես հայերն են անվանում) շփման գծում տեղակայված գյուղերին աջակցելու համար: Ընդհանուր առմամբ, նա համայնքի օրինակելի անդամ էր եւ սփյուռքահայի նմուշ:
Սակայն նա ցանկանում էր անել ավելին. 2005թ. Վիգենը եւ Շողիկը իրենց երեք փոքր տղաների հետ հայրենադարձվեցին Հայաստան:
Հայաստանում Վիգենն իր բոլոր ակտիվները ներդրել էր բիզնեսներում, որոնց միջոցով հարյուրավոր աշխատատեղեր էին ստեղծվել: Այս գործընթացում նա ականատեսն էր եղել, թե ինչ անհավատալիորեն կոռումպացված են պետական ծառայողները Հայաստանում. Երեւանի գոտիավորման եւ շինարարական գրասենյակների պաշտոնյաներից մինչեւ տարբեր նախարարությունների, ինչպես նաեւ որոշ բարձրագույն պաշտոնյաներ: Բայց սա չէր խանգարել Վիգենին ձգտել անելու ավելին: Երեւանի խորհրդանշական բազմաբնակարան շենքերից մեկը կառուցելուց հետո նա ձեռնամուխ էր եղել ծրագրավորման ընկերություն հիմնելուն, որտեղ մեկ տասնյակ աշխատակիցներ զբաղված էին մասնագիտացված ծրագրավորմամբ:
Երբ բռնկվեց ապրիլի քառօրյա պատերազմը, Վիգենը զանգով եւ էլեկտրոնային փոստով կոչ արեց մեզանից հարյուրավորներին՝ հայցելով նվիրատվություններ՝ սահմանագիծը պահպանողներին օգնելու նպատակով: Նա բավարար գումար էր հավաքել ավելի քան 3400 անձրեւանոց, 3100 քնապարկ եւ ավելի քան 400 վրան ձեռք բերելու համար եւ դրանք անձամբ հանձնել էր ճակատամարտի գծում գտնվողներին: Այնուհետեւ Վիգենը 12 օր անցկացրել էր խրամատներում՝ ծառայելով նրանց, ովքեր ծառայում են ժողովրդին:
Երբ «Սասնա ծռեր» անունով խումբը սկսեց իր ընդվզումն անցյալ ամիս, Վիգենն այդ լուրն իմացավ Արցախից վերադառնալու ճանապարհին, ուր ներգրավված էր երկու հյուսիսային համայնքներում դպրոց կառուցելու եւ խաչքար-հուշարձանների այգի հիմնելու առաքելությանը: Երեւան ժամանելուն պես նա եւ իր որդիները միացան խաղաղ ցուցարարներին:
Ահա՛ Վիգենը
Որպես Էջմիածնում մեծացած երեխա, ես ատում էի, երբ ինձ ախպար էին կոչում: Տեղացի երեխաները ծաղրում ու հետապնդում էին այն երեխաներին, որոնց ծնողները ակցենտով էին խոսում հայերեն: Իմ հայրը ծնվել էր Հայաստանում (թեեւ նրա ծնողները Իրանի Ջուղայից էին), իսկ մայրս ծնվել էր Թեհրանում, սակայն 1972թ. ներգաղթել էր այն երկիր, որտեղ «մեղր էր կաթում եւ կաթ հոսում»: Նրանք հայրենադարձներ էին, որոնք բավական էին համարել Պարսկաստանի օտար հողերում չորս հարյուր տարվա աքսորը: Ժամանակն էր տուն գնալ:
Սովետական հսկա բազմաբնակարան շենքի բակում գոյատեւելը բավական դաժան էր, իսկ երբ հավելում ենք նաեւ ախպար անվանվելու հանգամանքը, նշանակում է՝ մանկությունս բաղկացած էր մշտական կռիվներից եւ տեղացիների թշնամանքից: Նրանք սառն էին, եւ նրանք շատ էին:
Ես ատում էի «ախպար» բառը, սակայն սկսեցի օգտագործել այն: Տեղացիների հետ հարմարվելու իմ փորձերի ընթացքում սկսեցի ավելի մարգինալ հայրենադարձ ընտանիքների մի քանի երեխաների ախպար անվանել: Մայրս ստիպված էր ինձ նստեցնել ու բացատրել, որ մենք էլ ենք հայրենադարձ: «Ինչո՞ւ ես այդ երեխաներին ախպար անվանում»,- հարցրեց նա ինձ: «Ոչ, մամ, նրանք ավելի ախպար են»,- եղավ իմ պատասխանը:
Այն ժամանակ ես չէի ուզում ախպար լինել
Գիտեմ՝ ոստիկանները, որոնք ծեծի են ենթարկել Վիգենին եւ Մհերին ու ծանր վիրավորել են Վարանդին, նրանց ախպար են անվանում վիրավորելու համար, լուսանցք նետելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը, որին շատերը՝ Հայաստանում եւ երկրից դուրս, համարում են ոչ արժանի իր զբաղեցրած պաշտոնին` համակարգային խախտումներով անցկացված իր երկու ընտրությունների համար, ճգնաժամին վերաբերող իր միակ ելույթում ասաց, որ ինքը թույլ չի տա, որ Երեւանը դառնա Բեյրութ` որոշ սոփեստությամբ կրկնելով իր հրամանատարության տակ գտնվող ոստիկանության հատուկ ծառայակիցների այն նույն խոսքերը, թե սա նրանց երկիրը չէ, եւ նրանք պետք է հեռանան այստեղից: «Էսի ձեր երկիրը չի… Սիկտիր էղեք ստուց…»
Դե, ես նորություն ունեմ իր համար. Հայաստանը ախպարների երկիր է, այնպիսիների, ինչպիսիք են Վիգենը, Մհերը եւ Վարանդը, ի դեմս Դավիթ Սանասարյանի, Վիլեն Գաբրիելյանի եւ Արայիկ Հարությունյանի, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի, ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի եւ Շանթ Հարությունյանի, ի դեմս յուրաքանչյուր հայի՝ ծնված լինի Հայոց հողում կամ այլ տեղ, ով հավատում է մեր հայրենիքի ապագային եւ կանգնած է հաստատակամ` պաշտպանելու այն նրանցից, ովքեր սահմաններից այն կամ այս կողմում են:
Եթե ախպար լինելը նշանակում է լինել սեփական համայնքի օրինակելի անդամը, եթե ախպար լինելը նշանակում է նվիրվել հայրենիքին այն աստիճան, որ տեղափոխվես ու ապրես այնտեղ, եթե ախպար լինելը նշանակում է նվիրվել ու հավատարիմ լինել երկրիդ այնչափ, որ ներդնես այստեղ ողջ կյանքիդ աշխատանքը, ստեղծես հարյուրավոր աշխատատեղեր, եւ այդ ամենն անես ազնվությամբ ու խոնարհությամբ, եթե ախպար լինելը նշանակում է սիրել քո ժողովրդին եւ երկրին այնքան, որ վտանգի ենթարկես կյանքդ ու առողջությունդ, եթե ախպար լինելը նշանակում է բողոքի տեսարանների քաոսն ու ճակատամարտի դավադիր ուղիները նախընտրել Երեւանի սրճարաններից ու ռեստորաններից, ինչպեսեւ հայրենադարձ համայնքի հարմարավետ թմբիրից ու առանձնացումից, եթե ախպար լինելը նշանակում է բռնի ու դաժան վերաբերմունքի արժանանալ երկրիդ իշխանություններից, բայց դեռ մնալ այդքան լուսավոր ու վեհանձն՝ վերահաստատելով սեփական հավատդ այդ նույն երկրի ժողովրդին, ապա ի՛նձ եւս հաշվեք նրանց շարքերում:
Ես ուզում եմ լինել ախպար: Կուզենայի լինել ախպար:
Նրանք եւ նրանց նմանները մարդիկ են, որոնք ժառանգելու են Հայաստանը: Եվ նրանք են, ում որ մենք փնտրում էինք մինչ այժմ: Եվ, ո՛չ, նրանք Երեւանը չեն դարձնելու Բեյրութ, այլ վերափոխելու են Երեւանը եւ ամբողջ Հայաստանը, այդ թվում` Արցախը, դարձնելու են մեր երազանքների երկիրը, մեր քաջության աղբյուրը եւ մեր հույսերի փարոսը:
Ախպարների դարաշրջանն է մեր առջեւում:
Լեւոն Բաղրամյան
հրապարակվել է ianyanmag.com կայքում
Լեւոն Բաղրամյանը ծնվել է Հայաստանում, որոշ ժամանակ անցկացրել է Իսրայելում, մեծացել է Լոս Անջելեսում, դպրոց է հաճախել Նյու Յորքում, այժմ աշխատում է Վաշինգտոնում եւ ապրում է Արլինգտոնում: Նա սիրում է հայերին, որոնք ապրում են Հայաստանում, հայերին, որոնք ապրում են Հայաստանից դուրս, եւ յուրաքանչյուրին, ով սիրում է հայերին:
Թարգմանեց Աշխեն Մուշեղյանը
Հոդվածը վերցրել ենք Հայկական ժամանակ օրաթերթի 2016թ. օգոստոսի 20-ի համարից
Այս նյութը դիտել են - 3363 անգամ