Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանի` 2015 թվականի տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ փոխոստիկանապետի եկամտի հիմնական աղբյուրն աշխատավարձն է, որից ստացված եկամուտը նախորդ տարի գերազանցել է հինգ միլիոնը: Իսկ տարեվերջին ընդհանուր եկամուտը կազմել է 11,500 ԱՄՆ դոլար և 1 միլիոն 400 հազար դրամ: Ոչ միայն անցնող, այլև նախորդ տարիներին Համբարձումյանն աչքի չի ընկել անշարժ գույքի հայտարարագրմամբ, նշված է միայն մեկ բնակարանի մասին:
Պարզվում է՝ փոխոստիկանապետը միայնակ չէ ոստիկանության համակարգում, նրա հետ այնտեղ աշխատում է իր դուստրը, որդին, եղբոր որդիները ևս համակարգի ծառայողներ են: Օրինակ՝ նրա դուստրը` Ստելա Համբարձումյանը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության Ա.Վ.Վ իրավաբանական բաժանմունքի առաջատար մասնագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, որդին` Սարգիս Համբարձումյանը` ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի տեղակալի օգնականի պաշտոնը: Փոխոստիկանապետի եղբայրներից մեկի որդին զբաղեցնում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի Ա.Գ բաժանմունքի պետի պաշտոնը, իսկ մյուս եղբոր որդին` ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ծ.Ա.Տ.Ս բաժնի տեսուչի պաշտոնը: