Ինչպես են «բիզնես լեդին» եւ իր ամուսինը պետության հաշվին միլիոնատեր դարձել.«Ժողովուրդ»
2016-08-23 23:07:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի խորհրդարանի հնաբնակներից է: Պատգամավորի աթոռին նա նստել է բոլորի օրոք` 1995 թվականից սկսած: Եւ ամենակարեւորն այն է, որ նա մշտապես եղել է իշխող խմբակցության շարքերում: Օրինակ՝ 1995-ին, երբ նա առաջին անգամ դարձավ պատգամավոր, լինելով անկուսակցական, իշխող Հանրապետություն խմբակցությունում է ընդգրկված եղել: Հետագայում, երբ 1999-ի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից առաջ երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ-ն, Նաղդալյանն արդեն դարձել էր ՀՀԿ անդամ եւ պատգամավորական մանդատ ստացել «Միասնություն» դաշինքի կազմում: Հաջորդ խորհրդարանական ընտրություններում եւս նա մշտապես եղել է իշխող ՀՀԿ-ի առաջին շարքերում:

ԱԺ փոխնախագահը հանրության շրջանում հայտնի է ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում Հայաստանը վարկաբեկած պաշտոնյա, այլ նաեւ պետության հաշվին տարեկան մի քանի միլիոն դոլար վաստակող «բիզնես լեդի»:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն երեք պայմանագրով Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն այս տարի 636 միլիոն 272 հազար դրամ արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքների պետական պատվերներ է ստացել: ԱԺ այս փոխնախագահը եւ նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, մշտապես զբաղեցրել են գործարարության հետ անհամատեղելի պաշտոններ:

Բայց դա չի խանգարել, որպեսզի ամուսինները տարեկան հարյուրավոր միլիոն դրամների եկամուտներ ստանան իրենց պատկանող ընկերություններից, որոնք գործում են բացառապես պետական պատվերով ճանապարհաշինարարական եւ այլ աշխատանքներ իրականացնելու հաշվին: Իսկ ՀՀ Կառավարության անդամները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ինչ-որ մութ անկյուններում կոռուպցիա են փնտրում»:

Այս նյութը դիտել են - 8011 անգամ