Առաջիկա ամանորի տոներն առավել հիշարժան դարձնելու ակնկալիքով մայրաքաղաքի դպրոցների համար չտեսնված անակնկալ է սպասվում: Ուսումնական հաստատությունները ստացել են մի խստագույն շրջաբերական, որով տեղեկացվում է հետևյալի մասին. հունվարի 3-10-ը ներառյալ, առավոտյան 11: 00-ից մինչև 15:00-ը, բոլոր դպրոցներում հերթապահություն է սահմանվելու:
Ո՞ւմ են հերթապահելու, ի՞նչ նպատակով են հերթապահելու: Այդ օրերին դպրոցում աշակերտ չկա, երեխաները ողջ հանրապետությունում հանգստանում են, իսկ աշխատանքային օրերը վերսկսվելու են հունվարի 11-ից: Ի՞նչ պիտի անի ամայի շենքում ուսուցիչը այդ ժամերի ընթացքում:
Սա՝ անհեթեթ շրջաբերականի բովանդակային կողմի մասին: Հիմա անցնենք իրավականին: Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է ոչ աշխատանքային օրերը՝ տոնական և հիշատակի օրերը: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը. «Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման և բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար»:
Գուցե մանկավարժներին խիստ գաղտնի հանձարարություննե՞ր են տրվելու, կամ գուցե կայարաններում այնքան բեռնված վագոններ են կուտակվել, որ առանց ուսուցիչների մասնակցության դրանք անհնար կլինի բեռնաթափել: Իսկ գուցե երկրում ահաբեկիչնե՞ր են հայտնվել, որոնք պատրաստվում են գրոհել դպրոցների վրա: Այդ դեպքում մանկավարժներն իավունք ունեն շրջաբերականի հեղինակներին հարցնելու. «Իսկ մեզ հրացան տալու՞ եք»:
Այս նյութը դիտել են - 1688 անգամ