Օգոստոսի 23-ին 28-ամյա Էդգար Սնղչյանը Սևանից Երևան վերադառնալիս է եղել, երբ Գագիկ Ծառուկյանի տան և բենզալցակայանի դիմաց մեքենայի անիվը վնասվել է, և նա ստիպված է եղել կանգ առնել, իջնել մեքենայից ու կարգավորել խնդիրը։
Ժամը 23-ի սահմաններում, Էդգարի պնդմամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, հարբած վարելով մեքենան և վերադառնալով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությունից, վերջինիս վրաերթի է ենթարկել, այնուհետև մեղքը բարդել եղբոր՝ Արթուր Ավագյանի վրա:
Էդգարի խոսքով՝ ակնհայտ է, որ մեքենայի ղեկին Արթուր Ավագյանը չի եղել, քանի որ նախաքննական ցուցմունքում գրել է, թե վրաերթից հետո երիտասարդին տեսել է մեքենայի կողքին, սակայն իրականում Էդգար Սնղչյանն ընկել է մեքենայից 35 մետր հեռավորության վրա։
Վթարի հետևանքով Էդգար Սնղչյանը 15 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Նրա խոսքով՝ իրեն առաջարկվել է ընդամենը մեկ միլիոն դրամ, ինչն իր ծախսերի նույնիսկ երեք քառորդին չի կարող բավականացնել։ Վրաերթի հետևանքով լյարդը մի քանի տեղից պատռվել է, ունի ողնաշարի ծռություն, աչքի շլություն, կրծքավանդակի կոտրվածք։
Էդգարը դիմել է նաև Հայաստանի գլխավոր դատախազին, Երևանի դատախազին, անգամ հանրապետության նախագահին, սակայն բոլոր դիմումներն անպատասխան են մնացել:
Երիտասարդը պնդում է, որ քննիչներն իր փոխարեն ցուցմունք և ստորագրություն են դրել՝ փաստելով, իբր, ինքն իրեն վթարի ենթարկողից ոչ մի պահանջ չունի։ Նրա հավաստմամբ, սակայն, ստորագրությունը կեղծված է։
Այժմ Էդգար Սնղչյանը պատրաստվում է դիմել դեսպանատներին և մարդու իրավունքների պաշտպանին։
Աղբյուրը՝ 1in.am
Այս նյութը դիտել են - 1819 անգամ