ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով հայտնի է իր հազվադեպ, բայց դիպուկ գրառումներով, հերթականը նվիրել է ընդդիմադիր գործընկեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ մեկնաբանելով վերջինիս քննադատությունը, թե «Կիսաբաց լուսամուտներ»-ը աղբ է, որը պետք է արմատախիլ անել եթերից:
Ֆարմանյանը իր գրառման մեջ մասնավորապես գրել է. «Նիկոլ Փաշինյանը արտահայտվել է հեռուստահաղորդումներից մեկի մասին, ու դատելով իր գրառումից, չի հավանել այն, ինչը զարմանալի չէ:
Զարմանալի է այն, որ քաղաքական գործիչներիս թվում է, որ իրականության բացասական երևույթներն արմատախիլ անելու փոխարեն, կարելի է այդ ամենը եթեր չհանել, այդ մասին չխոսել ու ամեն ինչ կլինի հիասքանչ, հպարտ ու երջանիկ:
Զարմանալի է նաև մեկ այլ բան:
Միթե՞ իշխանության ղեկին մղվելու ճանապարհին օգտակար է կտրվել իրականությունից այն աստիճան, որ սևացնես ամեն ինչ ու բոլորին…Հպարտ միայնության մեջ ֆատալիստական ինչ-որ բան կա…»:
Ուշագրավն այս պատմության մեջ այն չէ, որ ԱԺ պատգամավորը իր կարծիքն է արտահայտել Փաշինյանի, թերևս, ոչինչ չասող մի հայտարարության մասով, այլ այն, թե ով է այդ պատգամավորը:
Ֆարմանյանը իրավացիորեն համարվում է ՀՀԿ խմբակցության խելացի ու բանիմաց, հեղինակություն վայելող պատգամավորներից, ով թեև հազվադեպ է խոսում, բայց ծանրակշիռ: Եվ ահա Փաշինյանին, այն էլ քաղաքական այս թեժ ժամանակահատվածում, գրառում նվիրելը, որը ամենևին էլ կապ չունի ընդդիմադիրի գործունեության հետ նշանակում է, որ իշխանությունը Փաշինյանի դեմ կամպանիա է տանում՝ օգտագործելով իր մտավոր լուրջ ռեսուրսը: Եվ որ առաջիկայում նման հարձակումները՝ ավելի լուրջ կամ ավելի անլուրջ հայտարարությունների մասով ավելի քան սպասելի է:
Հ.Գ. Զինվենք պոպկորնով ու սպասենք նաև փաշինյանական թիմի ներկայացուցիչների հակադիր գրառումներին ու հայտարարություններին. միանշանակ թեժ է լինելու:
Ի դեպ, Ֆարմանյանն այն Հանրապետականներից էր, ով մշտապես հիացած է եղել Նիկոլ Փաշինյանով և նրան համարել է քաղաքական երկնակամարի գերաստղը:
Ֆարմանյանը, գոնե Նիկոլի դեպքում, երբեք չպետք է մոռանա հայտնի խոսքը, որ օձը իրեն տաքացնողին է կծում:
Կարծում ենք, ավելի բաց ասել հնարավոր չէր:
Աննա Հովակիմյան
Այս նյութը դիտել են - 3832 անգամ