«Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»:
Ֆրիդի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորման մեջ.
«Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում եւ մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»:
Կողմերի համապատասխան պատրաստակամության դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել կողմերին՝ խնդրի տեւական կարգավորման համար, նշում է Դենիել Ֆրիդը:
Հիշեցնենք որ Հայաստանում ընդդիմությունն անհանգստություն է հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից հնարավոր զիջումների կապակցությամբ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջարկում է ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան բանակցությունները.
«Ամենաճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ շուրջ բանակցություններն առկախվեն որոշ ժամանակով, մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները»:
Օսկանյանի կարծիքով, երկրի ներկա իշխանությունները ղարաբաղյան բանակցությունները տանում են սխալ ուղղությամբ.
«Ինձ համար միանշանակ է, որ բանակցությունները մեզ համար ցանկալի ուղղությամբ չեն ընթանում: Մենք արդեն ընդհանրապես կորցրել ենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը եւ այսօր բոլորի կենտրոնացումը ու ուշադրությունը տարածքների վերադարձի վրա է»:
Վարդան Օսկանյանի կարծիքով, ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունը պետք է հրաժարական տա, ազատելով հարթակը նոր ուժերի համար.
«Եթե կան մարդիկ, որ պարտվողական դիրքերից են հանդես գալիս, խնդրեմ, թող զիջեն իրենց դիրքերը: Կան ավելի կարող մարդիկ, որոնք կարող են իրավիճակ փոխել»:
Օսկանյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի վիճակի է կարգավորել ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունը.
«Դա կլինի ժողովրդի կողմից ճանաչված օրինական կառավարություն, որը եւ հնարավորություն կունենա նոր դիրքերից բանակցել թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի հետ, փորձելով կարգավորել բոլոր այդ խնդիրները»:
Ղարաբաղյան կարգավորման մեջ կողմերի առաջնորդների դերի մասին է խոսել նաեւ Պետքարտուղարության ներկայացուցիչը: Դենիել Ֆրիդի խոսքով, առաջին քայլը պետք է անեն հենց հակամարտող կողմերի իշխանությունները.
«Այդ կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում եւ դիմակայել մերթընդմերթ բախումների, թե նրանք իրական կարգավորում են նախընտրում»: