ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ, Պետեկամուտների կոմիտեի ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանին կարելի է դասել հայաստանյան ամենաաղմկահարույց պաշտոնյաների շարքին։
Ընդամենը մի քանի ամիս է, ինչ Հովսեփյանը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը, սակայն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հասցրել է հայտնվել լրատվամիջոցների ու հանրության ուշադրության կենտրոնում։ Նախատեսվածի համաձայն` վերջինս այդ պաշտոնին էր հայտնվել բյուջետային մուտքերի հավաքագրման ու գործարար միջավայրի բարելավման համար, սակայն ...
Ինչպես բոլորը, այս պաշտոնյան եւս, ընկնելով «էքստազի» մեջ, անցավ «կառուցողական բուռն աշխատանքի», իսկ սպասումները եւ դրական տեղաշարժերը, իհարկե, մնացին օդում։ Որպես սկզբնական քայլ` նա սկսեց կադրային ջարդը, որն էլ ներկայացվեց որպես կառուցվածքային փոփոխություններ կամ բարեփոխումներ։ Սեփական «յուղոտ» պաշտոնից եւ «բարեփոխումներից» մեծապես ոգեւորված` Հովսեփյանը որոշեց ավելի հեռուն գնալ ու հնարավորինս լայնամասշտաբ գործածել իր ՕԳԳ-ն։
Բանն այն է, որ մինչ «հովսեփյանական բարեփոխումները» փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում էր միջնորդ ընկերությունների՝ «կարգոների» կողմից: Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում էին գնման երկրում եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այդ հաշվարկվում էին տվյալ բեռի քաշով, բայց արի ու տես, որ ՊԵԿ նորաթուխ նախագահին դա այդքան էլ ձեռնտու չէր, ու Հովսեփյանը որոշեց «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումն իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով։ Այդ ամենի հետևանքով փոքր եւ միջին գործարարների բողոքներն ու ապրանքների ինքնարժեքները սկսեցին կտրուկ բարձրանալ ու շատանալ:
Արի ու տես, որ «բարեփոխման» այս ալիքը դեռ չմարած` ՊԵԿ նախագահի անունը շրջանառվեց մեկ այլ` ավելի հետաքրքիր ու աղմկալի համատեքստում։ Պարզվեց, որ արդար քրտինքով գումար վաստակող պետական պաշտոնյան միլիոնատեր է, այո´, Դուք ճիշտ եք կարդում, հենց միլիոնատեր։
Դեռ 2012թ․ պարբերականներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, ըստ որի, Հովհաննես Հովսեփյանն ու վերջինիս հարազատները Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում, ձեռք էին բերել 24 բնակարան, 25 ավտոտնակ և 1 բիզնես տարածք: Այս ամենը դեռ քիչ էր, պարզվեց, որ միայն վերջին 5 տարում Հովսեփյանն ստացել է ավելի քան 3 միլիոն դոլար նվիրատվություն: Այս սենսացիոն բացահայտումից հետո ցայտնոտի մեջ հայտնված Հովսեփյանը պարզաբանում տվեց ու իր փողերի մութ պատմության ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդեց ոչ ավել, ոչ պակաս, Աստծո վրա. «Աստված տվել ա, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք ա: Ես դրանով միայն հպարտ եմ»:
Դե, ո՞վ լիներ, որ միլիոններ ստանալուց հետո դեռ դժգոհ ու ընկճված լիներ ...
Նկատենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ միայն բացակայում են Հովհաննես Հովսեփյանի եղբոր հայտարարագրերը, այլև ՊԵԿ-ի ղեկավարը երբևէ չի ներկայացրել անգամ իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր: Այսպիսի «Աստվածային գործեր»։
Հ. Գ. Հովհաննես Հովսեփյանի, մինչ օրս նրա դիզած միլիոնների, ով գիտե, արդեն միլիարդների մասին կարելի է երկար կամ շատ երկար խոսել, սակայն այս անգամ կսահմանափակվենք այսքանով...
Միայն մեկ նկատառում փոքր և միջին բիզնեսի «բկից բռնած», սեփական ժողովրդին ճնշող ու գռփող «ազնիվ» չինովնիկին` ի շահ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի, գոնե մեկ անգամ ընթերցեք Աստվածաշունչը եւ մի´ խառնեք Աստծուն ձեր կեղտոտ ու լկտի գործերին։
Այս նյութը դիտել են - 3383 անգամ