Սերժի հարգելի վկա, մարդկանց ռեսուրսներն անսպառ չեն, որ համ զուգարանի դեմ պայքարեն, համ՝ կտրոն չտրամադրող չինովնիկի, համ՝ կաշառք վերցնող տնօրենի, համ էլ՝ 5000 դրամ բաժանողի
2016-08-26 13:00:00
Հետաքրքիր է,Հայաստանում կգտնվե՞ն 10 հոգի, ովքեր բյուջեից փող չեն ստանում, պալատական լրագրողներ չեն, որ սրտանց արդարացնում են ՀՀ այսօրվա նախագահի գործելակերպը: Ասենք՝ լիովին ընդունելի է, որ դպրոցում ուսուցիչ աշխատելու համար հայտատուն 1000- 2000 դոլարի չափ կաշառք պիտի տա, սահմանի անցակետում պետեկամուտների կոմիտեի աշխատողները մուծման կտրոն չտրամադրեն, պետպատվերով բուժման գնացողը վիրահատության հավելյալ գումար դնի բժշկի գրպանը, բանակայինի ծնողը ներքնաշոր ու կոշիկ տանի իր ծառայողին, ընտրությունների ժամանակ լցոնումներ արած հանձնաժողովի նախագահը մի ներողությունով ազատվի պատասխանատվությունից, հիվանդության կարգ ստանալու համար անպայման պիտի «մաղարիչ» անել, ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն է, և այլն..., և այլն: Հայաստանում ապրողներն անօրինությունների այս ցուցակն անվերջ կարող են շարունակել: 

Բայց մեկ էլ տեսար՝ կհայտնվի մի «գիտունիկ» ու կսկսի դասեր տալ, թե մարդկանց քննադատությունն ու ատելությունն առարկայական չի և ուղղորդված է. «Երբ գրում եք սպորտդպրոցների զուգարանների մասին, ձեր նպատակը այդ զուգարանները վերանորոգելը չի»: Երբեմն պատասխանում եմ, երբեմն էլ խնայում եմ նյարդերս ասելու՝ այո՛, Սերժի հարգելի վկա, մարդկանց ռեսուրսներն անսպառ չեն, որ համ զուգարանի դեմ պայքարեն, համ՝ կտրոն չտրամադրող չինովնիկի, համ՝ կաշառք վերցնող տնօրենի, համ էլ՝ 5000 դրամ բաժանողի:
Այս ամենը ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ են, սրանց պատճառն ու գլխավոր հովանավորը ՀՀԿ իշխանությունն ու Սերժն են: Ի՞նչ իմաստ ունի հետևանքներ վերացնելը, եթե հովանավորն անընդհատ ծնելու է այդ այլանդակությունները: 
Կամ՝ « եթե ամերիկաներում ու եվրոպաներում ոստիկանի վրա քար շպրտեն, տեղում կգնդակահարեն՝ առանց շպրտելու պատճառը պարզելու»: Իհարկե, եթե Ամերիկայում կամ Ճապոնիայում էլ բուհերի ավարտական դիպլոմները վաճառվեն, «Հյուսիս- հարավը» սարքելու փողերի առյուծի բաժինը գողացվի, 5000 դրամով ձայն առնեն ու մեռածները քվեարկեն, այնտեղ էլ օրինականության համակարգը քարուքանդ կլինի,և ոստիկանը չի կրակի քար նետողի վրա:
«Սասնա ծռերին» մեղադրողները մի անգամ էլ ներքևի տեսանյութը նայեն. իր դեմ ի՛ր միջոցներով պայքարելուց բացի, մարդիկ այլ ելք չեն տեսնում: «Սասնա ծռերը» նույնպես ՀՀԿ կառավարման հետևանքն է:
Օրենքի գերակայություն՝ ահա ցանկացած պետության կայացման հիմքը: Եթե ուզում ենք, որ Հայաստանի անկախությունն իմաստ ունենա:

 
Այս նյութը դիտել են - 5127 անգամ