Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը միմյանց մեղադրել են ռասիզմի մեջ
2016-08-26 14:37:00
 

«Ինչպե՞ս անենք, որ Ամերիկան նորից ատեն»

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրարշավի ընթացքում թեկնածուն, որպես կանոն, կենտրոնանում է շարքային քաղաքացուն հուզող ներքաղաքական և սոցիալական հարցերի վրա, սակայն երեկ Նևադայում թեկնածու, նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին, դեմոկրատական Հիլարի Քլինթոնը քննադատության թիրախ է դարձրել իր հանրապետական մրցակից, մեծահարուստ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն ամբողջ աշխարհի համար:

Ըստ Քլինթոնի, Թրամփի նախընտրական արշավը կարելի է բնութագրել այսպիսի նախադասությամբ՝ «Ինչպե՞ս անենք, որ Ամերիկան նորից ատեն»:

Դեմոկրատական թեկնածուն իր մրցակցին անվանել է ռասիստ, ով «հանրապետական կուսակցության ներսում ստեղծել է հրեատյացության և սպիտակամորթների գերակայության հայացքներ դավանողների արմատական խմբակ»՝ ավելացնելով, թե Թրամփի ընտանիքի ստեղծած հիմնադրամը «հանցավոր հիմնարկ է»․ - «Նա ասում է, թե ուզում է Ամերիկան նորից դարձնել մեծ տերություն, բայց հետզհետե համոզվում ես, որ նրա իրական ուղերձն է՝ ինչպե՞ս անենք, որ Ամերիկան նորից ատեն»:

Դեմոկրատական թեկնածուն նաև դատապարտել է Թրամփի մասնակցությունը բրիտանացի աջակողմյան քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջի քարոզարշավին, որի հիմքում երկրի առջև ծառացած դժվարությունների համար նախևառաջ միգրանտներին մեղադրելու, օտարատյացության և ծայրահեղ ազգայնամոլության գաղափարներն են:

Դրանք խթանել են հակաեվրոպական տրամադրությունները, ինչն ազդեցություն է գործել Եվրոպական միությունը հանրաքվեով լքելու արդյունքի վրա:

Եվ հենց այս համատեքստում Քլինթոնը խոսել է ո՛չ ամերիացի, ո՛չ էլ բրիտանացի հանդիսացող մի պետական գործչի մասին:

«Ծայրահեղ ազգայնամոլության կնքահայրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Ֆարաջը կանոնավոր մասնակցել է ռուսական քարոզչական ծրագրերում: Հիմա էլ նա կանգնում է այն նույն բեմին, որտեղ հանրապետական թեկնածուն է», - ասել է Քլինթոնը:

 

«Մենք մեծ պատ ենք կառուցելու, դրա համար վճարելու է Մեքսիկան»

Թրամփը չի ընդունում այդ քննադատությունը և ինքն է դեմոկրատական մրցակցին մեղադրում ռասիզմի մեջ՝ պնդելով, թե Քլինթոնը գործնականում ոչինչ չի անում ազգային փոքրամասնությունների համար և նրանց օգտագործում է սոսկ որպես քվեների աղբյուր:

Թրամփը նաև կասկածի տակ է առնում Քլինթոնի հիմնադրամի աշխատանքի օրինականությունը և քննադատում է նախկին պետքարտուղարին էլեկտրոնային նամակագրությանն առնչվող հայտնի սկանդալի համար:

Իսկ իր հանրային ելույթներում Թրամփը շարունակում է հանդես գալ աղմկահարույց հայտարարություններով:

«Մենք մեծ պատ ենք կառուցելու, դրա համար վճարելու է Մեքսիկան: Մարդիկ չեն կարողանա թունելներով հասնել մեր երկիրը, մենք ունենք անհրաժեշտ տեխնոլոգիաները, թմրանյութերն այլևս չեն ներմուծվի և չեն թունավորի մեր երիտասարդներին ու բոլորիս», - ասել է Թրամփը:

Հանրապետական թեկնածուն համոզված է, որ դժբախտությունների աղբյուրն օտարներն են, այսպես կոչված «վատ տղերքը»: Նախագահ ընտրվելու դեպքում նա առաջին հերթին կստորագրի հրամանագիր, ըստ որի՝ «վատ տղերքը պետք է չքվեն երկրից»:

azatutyun.am

 

Այս նյութը դիտել են - 5658 անգամ