Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի մրցույթում այսօր չորս թեկնածուներից լավագույնը ճանաչվեց Սուսաննա Սարգսյանը, ով երկու տարի առաջ դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել նույն դպրոցում չորս տարբեր դեպքերով յուրացումներ կատարելու համար:
Պետությանը հասցված վնասի համար նախկին տնօրենը 6 ամսով զրկվել էր պաշտոնը զբաղեցնելու իրավունքից և վճարել 800 հազար դրամ տուգանք:
Սեպտեմբերից, սակայն, կրկին դպրոց կվերադառնա:
«Ես իմ մեջքին տեսնում եմ այդ կոլեկտիվը, որը ինձ վստահում է: Իմ կենսագրության այս անփառունակ էջը ուզում եմ վստահ թերթել», - ասաց Սարգսյանը:
Մրցույթին ներկա էր երկար տարիներ նույն դպրոցը ղեկավարած, այժմ մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Հենց նա էր վերհանել տնօրենի չարաշահումները: Նա այսօր էլ փորձեց դրանց մասին հիշեցնել կառավարող խորհրդին, որի 8 անդամներից որևէ մեկը, սակայն, Բախշյանի խոսքերին չարձագանքեց: Բախշյանը ցուցադրաբար դուրս եկավ սենյակից: Արդեն միջանցքում ուսուցիչները ոչ միայն ծափերով շնորհավորեցին նախկին տնօրենին, այլև փորձեցին բացականչություններով խլացնել Բախշյանի խոսքը:
«Սրանք մեր մանկավարժներն են, որոնց պիտի վստահենք մեր երեխաների կրթությունը: Երկու տարում տեղի ունեցած բոլոր իրադարձություններն ինձ փաստում էին, որ գալու է այս օրը, բայց ներսումս չէի հավատում: Բայց, ցավոք սրտի, թիվ 27 դպրոցում կոռուպցիան շարունակվելու է», - «Ազատության»-ն ասաց Բախշյանը:
Իսկ վերընտրված Սուսաննա Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե դպրոցի վարկանիշն իր վերընտրությունից չի տուժի․ - «Ես կրել եմ այդ պատասխանատվությունը և այսօր համարձակ եկել եմ ընտրությունների»: