Հանրապետականների նախագահական մրցապայքարում առաջատար է մնում Դոնալդ Թրամփը՝ հատկապես բարձր գնահատական ստանալով ահաբեկչության դեմ պայքարի շուրջ իր գաղափարների համար. «Սա այլևս չի կարող լինել բարեհամբույր պահվածքով ընտրություններ, եթե ես անգամ այդպես չպահեմ ինձ: Այս անգամ այն լինելու է իրազեկվածության, խելամտության ու համառության ընտրություններ, այլապես մեր երկիրը կորսված է», - ասել է Թրամփը:
Հանրապետականների նախագահական թեկնածուների վերջին բանավեճի ընթացքում, Ջեբ Բուշը ընդհանրապես հարցականի տակ առավ Թրամփի ղեկավարելու կարողությունները. «Եթե ես նախագահ եմ, ես կլինեմ գլխավոր հրամանատար, ոչ թե գլխավոր քարոզիչ կամ գլխավոր բաժանարար, և կղեկավարեմ այս երկիրը այնպես, որ ավելի մեծ անվտանգություն և ապահովություն հաստատեմ», - ասել է Բուշը:
Մասնագետները կարծում են, որ անվտանգության վրա կենտրոնացումը կօգնի Բուշի նման հավակնորդներին, սակայն Սթյուարթ Ռոտենբերգը այլ կերպ է մտածում. «Արտաքին քաղաքական ճգնաժամը կամ պաշտպանության ու ազգային անվտանգության վրա սևեռված միջավայրը կարող է օգնել այնպիսի թեկնածուների, ովքեր ունեն հասարակական բարձր դիրք ու որոշակի փորձ՝ արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության ասպարեզում... Այսպիսով կարելի է ենթադրել, որ դա օգնում է Դոնալդ Թրամփի նման թեկնածուներին»:
Անվտանգության վրա շեշտադրումը կարող է օգնել նաև դեմոկրատական մրցարշավի առաջատար Հիլարի Քլինթոնին, մեծացնելով նրա առավելությունը Բերնի Սանդերսի նկատմամբ: Քլինթոնը ցանկանում է ընդլայնել ռազմարշավը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, սակայն նա հարցականի տակ է դնում որոշ հանրապետական թեկնածուների ռազմավարությունը. «Կարպետային համատարած ռմբահարումների խոստումները ամենևին չի ցուցադրում Ձեր ուժը, այլ հնչում է այնպես, կարծես Ձեր խելքը թրցրած լինեք», - ասում է Քլինթոնը:
Իր հերթին դեմոկրատական թեկնածուների բանավեճի ընթացքում Բերնի Սանդերսը կարևորեց «Իսլամական պետություն» խմբավորման սպառնալիքը, սակայն ակնարկեց սխալների կրկնումից խուսափելու անհրաժեշտությունը. «Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի, սակայն ԱՄՆ-ն աշխարհի ոստիկանը չէ և չպետք է ներգրավվի Մերձավոր Արևելքի մշտնջենական պատերազմում», - ասել է Սանդերսը:
Նախագահական մրցարշավի բոլոր մասնակիցների համար առաջին իրական ստուգարքը կլինի փետրվարին Այովայում ու Նյու Հեմփշիրում կայանալիք բանավեճերը:
Այս նյութը դիտել են - 1748 անգամ