Ցանկացած մեկն, ով դժբախտություն է ունեցել` դիմելու հայաստանյան շտապօգնությանը, կարող է վկայել, որ սույն ծառայության մատուցման որակի մասին միանշանակ գնահատական հնչեցնելը չափազանց բարդ, եթե չասենք, անիրական բան կլիներ. չնայած թվում է` վերջին տարիներին քիչ բան չի արվել` ծառայությունն այս կարգի բերելու ու որոշակիորեն համապատասխանեցնելու միջազգային ստանդարտներին` փաստ է, որ դեռևս մղոններով հեռու ենք այն ցանկալի որակից, որն առկա է զարգացած երկրներում. շտապօգնությունն, ինչպես և մնացյալ ծառայություններն, ոլորտի աշխատակիցների կողմից հիմնականում դիտարկվում է որպես «լևի» փող «կպցնելու» ևս մեկ ձև, որի ճանապարհին հաճախ կարող ենք ականատես դառնալ այնպիսի խայտառակ դեպքերի, որ մարդ չգիտի` խնդա, թե լա:
Ահավասիկ դրանցից մեկը. բավական լայն հասարակական հնչեղություն է ստացել, մասնավորապես, Արտաշատում բնակվող սոցիալապես ծանրագույն պայմաններում ապրող ընտանիքի հետ տեղի ունեցածը:
Չունենալով համապատասխան նյութական միջոցներ՝ վճարելու ստացած շտապ բժշկական օգնության դիմաց, ընտանիքն այս ստիպված է լինում բախվել բժիշկների սպառնալիքներին, թե եթե չբերեն ու փողը չմուծեն, կարող են երբեք հույս չունենալ, որ կարող են բժշկական օգնություն ակնկալել:
Ի դեպ՝ պարզվում է, որ հիվանդը, որի բուժման դիմաց գումար են պահանջում, փարոսակիր է ու երկրորդ կարգի հաշմանդամ, անդամահատված: Ու չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե պետությունը պարզապես պարտավոր էր միանգամայն անվճար հիմունքներով հոգ տանել կարիքավոր մարդու մասին, բայց բանից պարզվել է` նրա, այսպես ասած, բալերը, չեն բավարարել` պետական անվճար աջակցությունից օգտվելու համար («Փարոս» համակարգին քաջատեղյակ մարդիկ, կիմանան` ինչի մասին է խոսքը): Մի կողմ թողնելով «Փարոս» կոչեցյալի` մարազմի աստիճան դեգրադացվածությունն ու գաղափարն այդ աղավաղողների բարոյական կերպարի քննումը` կցանականայինք, այնուամենյանիվ, բոլորի ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա. օրեր առաջ, երբ նախկին նախարարներից մեկն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում խոսել էր երեխաների պատվաստման թեմայով` նշմարելով հնարավոր ռիսկերը, Արմեն Մուրադյանի նազիր-վեզիրները շտապել էին պաշտպանել շեֆի պատիվն ու մարդուն մեղադրել Մուրադյանի բարի անունը սևացնելու մեջ:
Հիմա ցանկանում ենք հարց տալ սույն նազիր-վեզիրներին` ձեր շեֆը տեղյա՞կ է` ինչ է կատարվում առողջապահության համակարգում, տեղյա՞կ է, որ իր ենթակաների բացարձակ մեծամասնությունը մարդկանց, այսպես ասած, պացիենտներին դիտարկում է որպես հավելյալ փողի աղբյուր ու պատրաստ է ոտնատակ տալ ամեն բան, միայն թե փող աշխատի:
ԱՆ-ում կա՞ մեկն, ով կարող է հիմնավոր պատասխան տալ այն հարցին, թե ինչու վերոհիշյալ ընտանիքը, որն ընդամենը մեկն է հազարավորներից, պետք է կանգնի նմանատիպ խնդրի առաջ ու սպառնալիքներ ստանա նրանցից, ովքեր ի պաշտոնե կոչված են` հոգալու մարդկանց մասին. Հիպոկրատն, եթե իմանար, թե ինչ է կատարվել, ինչպես ասում են, դագաղում յոթն անգամ շուռ կգար:
Ցավոք, արտաշատաբնակ ընտանիքի տխուր դեպքը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որին առիթ ենք ունենում անդրադառնալու. անընդհատ, տարիներ շարունակ մամուլը գրում ու բարձաձայնում է այն գերխնդիրների մասին, որոնք զզվվեցնելու աստիճան հոգնեցրել են բոլորիս ու որոնց լուծմանը սպասում է ողջ ազգը, լուծում, որը, սակայն, այդպես էլ չի տրվում…
Այս նյութը դիտել են - 2767 անգամ