Հովհաննես Հովսեփյանի օգնականը սեփական բիզնեսն է հիմնել2016-08-28 14:09:00
«Politik.am» գրում է.
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՊԵԿ ղեկավար, նախագահի Վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Հովիկ Հովսեփյանը տնօրինում է ֆինանսական լուրջ միջոցներ, որոնք նա կուտակել է պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում:
Պարզվում է ՝ ոչ միայն Հովիկ Հովսեփյանն է կարողացել լուրջ կարողություն կուտակել, այլև նրա պաշտոնավորման ընթացքում ամենատարբեր աշխատակիցները:
Անգամ նրա օգնականն է լուրջ կարողության տեր և «բիզնես լեդի»: 2008 թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով, երբ Հովիկ Հովսեփյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար, նրա օգնական նշանակվեց 1980 թվականին ծնված Լուսինե Սարգսյանը, ով ծնունդով Վանաձորից է:
Հայաստանի Հանրապետության նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի ֆինանսական վիճակի բարելավման հետ միասին բարելավում էր նաև նրա օգնականի ֆինանսական վիճակը:
Հովիկ Հովսեփյանի օգնականի՝ Լուսինե Սարգսյանի ֆինանսական միջոցներն այնքան ավելացան, որ նա 2015 թվականի նոյեմբերին հիմնեց սեփական բիզնեսը:
Ամիրյան 18 հասցեում բացվեց «ԲԵՅՈՆՍԵ» գեղեցկության սրահը:
Սրահը գտնվում է քաղաքի կենտրոնում և առաջարկում ծառայությունների լայն ընտրություն ՝ սկսած վարսահարդարումից ու մատնահարդարումից մինչև դիմահարդարում և դեմքի խնամք:
Սրահն ունի ավելի քան 10 աշխատակից և զբաղեցնում է ավելի քան 200 քմ տարածք: Սրահում ծառայություն է մատուցվում հիմնականում քաղաքական էլիտայի կանանց. գները աստղաբաշխական են:
2015 թվականի նոյեմբերին կայացել է սրահի պաշտոնական բացումը՝ ամենայն շքեղությամբ և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ (Պետք է հիշեցնենք, որ Հովհաննես Հովսեփյանի օգնականը բիզնեսը հիմնել է այն ժամանակ, երբ նա ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ էր):
Այստեղից հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է պետական պաշտոնյայի օգնականը լուրջ բիզնես գործունեություն ծավալել:
Պետք է նկատել, որ գեղեցկության սրահի տարածքը գտնվում է Երևանի սրտում, տարածքը գնելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար, իսկ վարձակալության դեպքում՝ ամսական նվազագույնը 2000 ԱՄՆ դոլար։
Սրան եթե գումարենք 10 աշխատակիցների (որոնք կան լուսանկարում) ամսական աշխատավարձերը, անհրաժեշտ պարագաների գնումը, սրահի դիզայնն ու կահավորումը, ապա անհրաժեշտ կլինի նախնական նվազագույնը 40-50 հազար դոլար ներդրում:
Նման գումարների մասին երազել չեն կարող անգամ եվրոպական ամենահարուստ երկրների նախարարների օգնականները:
Այս նյութը դիտել են - 6000 անգամ