Հեսա կթքեմ վրեդ. Ոստիկանը՝ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին
2016-08-30 04:41:00

News.am -ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին ծանր վիճակում է գտնվում, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:

«Նրա առողջական վիճակի հետ կապված որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են զննել, որոնք պատճառաբանում են, որ նրան չի կարելի վիրահատել, քանի որ վերքերը դեռ չեն լավացել:

Հուլիսի 26-ին «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում հսկել են զինված ոստիկաններ, որի իմաստը եւս չենք հասկացել: Բուժքույրը հորդորել է որ դուրս գան` նշելով, որ ստերիլ չեն, Հովհաննեսն էլ է հորդորել, որ դուրս գա ոստիկանը, սակայն, ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ: Հովհաննես Հարությունյանին այնուհետեւ «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, իր խոսքով՝ սպանելով:

Տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ներս էինք մտնում խուց, բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, քարանձավի նման: Հովհաննեսը պառկած էր ցանցով մահճակալի վրա, որը կորացած էր դեպի ներքեւ: Նա հյուծված պառկած էր մահճակալին, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին:

Այնուհետեւ նրան նոր սենյակ տեղափոխեցին, եւ այն պայմանները, որում նա գտնվում է, էականորեն չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել: Մահճակալն է նոր, էլի բռնվելու տեղ չկա, վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել: Միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ պայմաններ են, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում եւ քանի որ չի կարողանում շարժվել, դա ժամերով մնում է հիվանդասենյակում այս շոգ պայմաններում»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ  Հովհաննես Հարությունյանին բուժօգնություն տրամադրում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, բայց ոչ ամեն օր. «Նա երեկ հենակներով փորձել է քայլել, ընկել է, որովհետեւ այդ պահին նրա մոտ չի եղել բժիշկ»:

Փաստաբանը նաեւ նշեց, որ քանի որ ինքը բարձրաձայնում է «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին, իր վրա ճնշում են գործադրում: «Վերջերս քրեակատարողական վարչությունը չափերն անցել է, իմ մասին հայտարարություններ անելով: Քրեակատարողական հիմնարկն ինձ հետ կապված վարկաբեկող հայտարարություններ է անում, իբր իմ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Սա էլ ճնշման մի ձեւ է, քանի որ Հովհաննեսին խոշտանում են»:

Փաստաբանը նշեց, որ այն անտարբերությունը, որը կա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, չկա «Սասնա ծռերի» մյուս անդամների նկատմամբ:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նույնպես նշեց, որ ԱՆ քրեակատարողական վարչությունը Հովհաննես Հարությունյանի պայմանների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում. «Մատնանշելով, թե իբր իմ  ներկայությամբ Հովհաննեսի անկողինը փոխվել է, ապատեղեկատվություն է: Ես հայտարարում եմ, որ երեք օր չի փոխվել նրա անկողինը, արյունից սեւացած էր այն:

Հովհաննես Հարությունյանը նաեւ բնական կարիքները հոգալու համար պետք է երկու ժամ սպասի, որպեսզի սանիտարը գա, ամբողջ գիշեր չեն տարել այն, այս ամեն ինչով փորձում են Հովհաննես Հարությունյանին նվաստացնել: Իմ ներկայությամբ բուժքույրը սիստեմա էր միացնում, եկել էր, չէր կարողանում միացնել ու ասում էր` ես հոգեբանական բաժանմունքից եմ, կյանքում առաջին անգամ եմ միացնում սիստեմա, դրա համար էլ չի ստացվում»:

news.am

Այս նյութը դիտել են - 3427 անգամ