ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները՝ ոչ թե իրենց մասին, այլ ընդդեմ միմյանց
2016-08-30 14:44:00

Երբ 8 տարի առաջ ԱՄՆ-ի պատմության մեջ ընտրվեց առաջին սեւամորթ նախագահը, շատերն այն համարում էին այստեղ ռասայական խտրականության ամենավերջին վերջակետը։ Սակայն դրանից 8 տարի անց ռասայական հակասություններն ու երբեմն նաեւ թշնամանքը նորից գլուխ են բարձրացնում։ Ինչպես նախագահական հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն է ասում.

«Ամեն տարի ավելի քան 6 հազար սեւամորթ ամերիկացի է դառնում սպանությունների զոհ»։

Նախագահական մյուս թեկնածուն՝ դեմոկրատ Հիլարի Քլինթընը սա երկերեսանիություն է համարում.

«Նույն այդ Թրամփն էր, որը հիմնականում սպիտակամորթ լսարանի առջեւ սեւամորթ համայնքների հասցեին հնչեցնում էր վիրավորական խոսքեր»։

Թրամփն, այո, բազմիցս է շեշտել սեւամորթ համայնքներում հանցագործությունների բարձր մակարդակի, եւ նախագահ ընտրվելու դեպքում՝ կարգ ու կանոն հաստատելու խոստումների մասին։

«Դոնալդ Թրամփի Ամերիկան անվտանգ Ամերիկան է։ Այդ Ամերիկայից դուրս են մնում ահաբեկիչներն ու վտանգավոր հանցագործները։ Այդ Ամերիկայում ապահով են սահմանները, անվտանգ են մեր ընտանիքները», հայտարարձլ է Թրամփը։

Քլինթընն իր գլխավոր պարտականությունն է համարում Թրամփի ու նրա թիմի անդամների բացասական կողմերի ցուցադրումը։ Նրա նախընտրական գովազդները նաեւ փորձում են ցույց տալ, որ Թրամփին աջակցում են Կու Կլուքս Կլանի անդամները։ Խոսքը սպիտակամորթների գերակայության պաշտպան կազմակերպության մասին է։

Քլինթընի խոսքերով, Թրամփն ուժի մեջ է մտցնում վտանգավոր կարծրատիպեր ու գաղտնի ազդանշաններ տալիս ատելությամբ լցված իր աջակիցներին։ Ու նա հրապարակային հարց է ուղղում, թե ինչպես կարող է նման թեկնածուն դառնալ ԱՄՆ-ի նախագահ։

Թրամփի աջակիցներն ասում են, որ իրենց թեկնածուն չի վախենում ճշմարտության մասին խոսելիս։

Ինչպես օրինակ Նյու Ջըրզիի նահանգապետ Քրիս Քրիսթին է ասում, «Եթե մարդիկ ուզում են ապրել ապահով, եւ ուզում են վայելել ոստիկանների պաշտպանությունը, ուրեմն պիտի ընտրեն Դոնալդ Թրամփին։ Նա արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակի մեկին, որը շատ հստակ կերպով ցույց կտա, թե ինչպես իրավապահ մարմինները պիտի գործեն այս երկրում»։

Թրամփը վերջերս մեծապես ավելացրեց իրեն աջակցողների թիվը, երբ Չիկագոյում իրականացված հրազենային հարձակումից հետո «Twitter»-ի իր էջում գրեց, թե հենց նման արարքները վերացնելու համար պիտի ամերիկացիները քվեարկեն հօգուտ իրեն։

Թրամփը շարունակում է պնդել, որ Քլինթընը հրապարակի բժշկական իր տվյալները՝ հայտարարելով, թե վերջինս չունի նախագահի պաշտոնը վարելու համար համապատասխան առողջություն։

«Ես առողջության հարցում որեւէ խնդիր չունեմ», հայտարարել է Թրամփը։

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 6398 անգամ