Լոռու մարզի Կուրթան գյուղում երեկ, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել 1962-ի թվականին ծնված մի կին: Ոստիկանությունից հաստատեցին Tert.am-ի տեղեկությունը՝ նշելով, որ օգոստոսի 29-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Կուրթան համայնքի տներից մեկում երկրորդ հարկի պատշգամբում կին է կախվել:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ նույն օրը նշված կինը ինքնասպանություն է գործել տան երկրորդ հարկի պատշգամբի գերանից պարանով կախվելու միջոցով: Կատարվում է նախաքննություն»,-ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Tert.am-ի հետ զրույցում համագյուղացիներից մեկն ասաց, որ ինքնասպան եղած կինը Ռիմա Բաղրամյանն է: Նրանք սոցիալապես անապահով էին ապրում, բայց ընտանիքում հիմնական խնդիրներն առաջացել էին որդու զինվորական երդմնակալությանը մասնակցելուց հետո:
«Կինը երեք երեխա ուներ, որից մեկը հաշմանդամություն ուներ և մի քանի տարի առաջ մահացել էր: Նրա տղան վերջերս է գնացել բանակ, շատ խելոք տղա է: Գնացել են «պրիսյագին», եկել և ասում են, թե երեխան շատ ընկճված վիճակում է եղել, ծնողներին դա շատ է մտահոգել: Եկել են ու իմացանք, որ հորը, այսինքն՝ այդ կնոջ ամուսնուն ինֆարկտ է խփել: Մի քանի օր էր, ինչ ինքը հիվանդանոցից դուրս էր գրվել: Մի աղջիկ էլ ունեն այստեղ ամուսնացած, աղջիկը եկել է տանից ինչ-որ կանաչի բան ա քաղել, Ռիման մինչև բակի դուռը ճանապարհել է, ու գնացել իրան կախել: Ամուսինը տեսել է, որ ուշանում է, մտածել է՝ դուրս է եկել, ձեն է տվել՝ Ռիմա-Ռիմա, մեկ էլ տեսել է ինչ-որ վարագույրով առանձնացված տեղ կախված ա»,-ասաց նա:
Թե որտեղ էր տղան ծառայում Tert.am–ի զրուցակից համագյուղացին տեղյակ չէր, միայն ասաց, որ որքանով տեղյակ է՝ մահացածի ընտանիքը ո՛չ նպաստ էր ստանում, ո՛չ թոշակ և եթե նախկինում ջերմոց ունեին, որի միջոցով կարողանում էին իրենց սոցիալական խնդիրները լուծեն, սակայն հիմա դա էլ չունեն:
Այս նյութը դիտել են - 7620 անգամ