Այցելել էինք Արագածոտնի մարզի Բյուրական գյուղ և հեռախոսով, ըստ նախնական պայմանավորվածության, որովհետև Սփյուռը միայն գործող համայնքապետերի հեռախոսահամարներն է տրամադրում, պետք է հանդիպեինք գործող գյուղապետ, բնականաբար՝ ՀՀԿ-ական Զարզանդ Բաբայանին և փնտրեինք մյուս թեկնածուներին՝ Հրաչյա Ավագյանին և Սուրեն Վարդանյանին:
Գյուղապետ Զարզանդ Բաբայանի աշխատասենյակը դատարկ էր, աշխատակազմի ղեկավարի առանձնասենյակում երկու տղամարտիկ ու մի կին՝ աշխատում էին: Հարցրեցինք, թե որտե՞ղ կարող ենք տեսնել Զարզանդ Բաբայանին: Նրանցից մեկն, ով հետո պարզվեց ինքը՝ Զ. Բաբայանն էր, հարցրեց, թե ինչո՞ւ, ներկայացա, նետեց, թե տեղում չի … Զանգահարեցի՝ անմիջապես անհասանելի էր դարձել, իջա բակ, բյուրականցիներից մեկին հարցրեցի, թե որտե՞ղ կլինի Զարզանդ Բաբայանը, ասաց՝ վերևում է, աշխատակազմի ղեկավարի սենյակում: Հասկացա, որ գյուղապետը օրը ցերեկով թաքնվում է, գուցե վախենում լրագրողի հետ հանդիպումից: Այնուամենայնիվ վերադարձա և նրա ներկայությամբ խնդրեցի աշխատակազմի ղեկավարին գտնել Զարզանդ Բաբայանին, նա էլ, թե՝ չեմ կարող: Որտեղի՞ց կարողանար խեղճը, եթե գյուղապետը հարևան սեղանի մոտ, նույն սենյակում նստած էր: Ու սկսվե՜ց … դուրս արի այստեղից, դու ո՞վ ես, արա, հրմշտոց, վրա քշոցի …
Ահա այսպիսի գյուղապետ՝ Զարզանդ Բաբայան, որ իսկի էլ զարզանդի նման չէ, այլ մկան սիրտ ունեցող առյուծ ձևացող մեկը:
Զրուցեցինք բյուրականցիների հետ, այն ինչ նրանք էին պատմում մարտաֆիլմ էր հիշեցնում կամ՝ կրիմինալ պատմություն:
Պարզվում է, Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանն ու իր կողմնակիցներն ահ ու սարսափի մեջ են պահում գյուղը, մասնավորապես՝ երիտասարդությանը: Նրանցից մեկը պատմեց, որ հատկապես երեկոյան ժամերին, առաջիկա համայնքապետի սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններով պայմանավորված, գյուղապետն ու իր թայֆան հետապնդում են նրանց, ովքեր դեռ բարձրաձայն չեն արտահայտվում, թե ում են ընտրելու: Ահաբեկում են հատկապես նրանց, ում տուն են հաճախում մրցակից թեկնածուները: Մտնում են տուն, մատ թափ տալիս, թե՝ տեսեք, հա՜, փորձվել եք Զարզանդ Բաբայանին չեք ընտրել, գյուղից կվտարենք …
Մեր զրուցակիցները, որպես կանոն, պարզապես հրաժարվում էին ներկայանալ. Գլխներիցս ձեռ ենք քաշել, այ ախպեր … Սակայն անանուն զրուցում էին: Գյուղապետարանին հարակից բուժամբուլատորիայի մոտ, որը կառուցվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի աջակցությամբ, ով Բյուրականում ամառանոց ունի, մի կին պատմեց, որ երեկոյան ժամերին ՀՀ պաշտպանության նախարարության պետհամարանիշներով մեքենաներ են շրջում գյուղում, փորձվի թեկնածուներից որևէ մեկը մտնի մեկի տուն, այդ տան մոտ կրակում են, մտնում, երեխաների ու կանանց ներկայությամբ ահաբեկում տանտերերին:
Զրուցակիցիս հետ կողքից անցնող տարեց տղամարդն էլ ականջ էր կախել, լսում էր ու պահն օգտագործելով՝ հավելեց. Փա՞ստ եք ուզում, 37 ZT 777 համարներով մեքենան, բոլորին, ում հասցնում ա, հետևում ա:
Որպեսզի միտինգ չդառնա, իսկ գյուղապետարանի հարևանությամբ նկատեցինք, որ վախվորած ու կցկտուր են խոսում մարդիկ՝ յնայելով գյուղապետարանի պատուհաններին, քայլեցինք փոքր-ինչ ներքև, հարցնում էինք, թե որտե՞ղ են Հրաչյա Ավագյանի և Սուրեն Վարդանյանի տները կամ՝ շտաբ ունե՞ն արդյոք: Ու զրույցի բռնվեցինք մի քանիսի հետ:
Ըստ մեր զրուցակիցների, պարզվում է, Բյուրականի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Զարզանդ Բաբայանի հովանավորն ու մեջքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վարորդ Գևորգ Հովսեփյանն է, ով հարևան Անտառուտ գյուղից է ու, նա է ՊՆ-ի պետհամարանիշներով մեքենաներ բերում գյուղ ու ահաբեկում բյուրականցիներին. Տո, հենց Սեյրան Օհանյանն ա, ինքն ի՞նչ ա, չգիտի՞, թե իրիկուններն ինչ ա անում իրա վարորդը, կամ՝ ինչ տիպ ա: Սեյրան Օհանյանն ինքն է հովանավորում ու բյուրականցի հանցագործներին:
Մյուս զրուցակիցն էլ՝ աևծաթամազ մի տիկին, պատմեց, որ Բյուրականում հոգևոր հովիվ աշխատող Տեր Մամբրեն էլ է ներգրավվել Զարզանդ Բաբայանի համար քարոզարշավում ու տնետուն շրջելով՝ փոխանակ Հայ առաքելական եկեղեցու հոգևորը քարոզի, կամ՝ կողմնորոշի մարդկանց, որ չանդամակցեն աղանդավորական շարժումներին, մարդկանց համոզում, գյուղապետի կողմից ահաբեկչությունների օրինակներով սպառնում է, որ ընտրեն գործող գյուղապետին:
Ի վերջո, գտանք Հրաչյա Ավագյանի տունը: Փառք Աստծո, նա տանն էր, հարցազրույց վարեցինք, որը կարդացե՛ք առաջիկայում, ու վերադարձանք փոստատուն, որտեղ, պարզվեց, աշխատում է մյուս թեկնածու Սուրեն Վարդանյանի կինը՝ Լալան: Նա՝ մեր խնդրանքով, սիրահոժար կապվեց ամուսնու հետ, փոխանցեց հեռախոսը, որի ծայրին Ս. Վարդանյանը խոստացավ, որ 15 րոպեից կգա, սակայն քիչ անց եկավ նրանց որդին, մայր ու տղա առանձնացան փոստատանը, որից հետո Ս. Վարդանյանի կինը փոխանցեց, թե ամուսինը հիմա չի կարող գալ ու որովհետև Բյուրականից պիտի գնայի հարևան Օրգով գյուղ, որտեղ ևս համայնքապետի ընտրությւոններ են սեպտեմբերի 18-ին, մեկին խնդրեց ինձ տանել այնտեղ: Խոստացվեց՝ զանգահերել ինձ, հանդիպել, սակայն՝ ցրոցի, ցավոք: Ոչ մի զանգ այդպես էլ չստացվեց Սուրեն Վարդանյանից, ում բյուրականցիները՝ Ռայկոմի Սուրիկ են ասում: Ինչո՞ւ նա խուսափեց լրագրողի հետ հանդիպումից՝ անհայտ է:
Մեր զրուցակից, տարեց բնակիչներից մեկը գրպանից հանեց մի A4 ֆորմատի հազար տակ ծալծլված մի թուղթ, արդեն կիսամաշ, որտեղ շարադրված էր բյուրականցիների բողոքը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
Ահազանգում են բյուրականցիները.
Պատմական ակնարկ Բյուրական գյուղը տասնամյակներ շարունակ եղել է գիտական և մշակույթային հայտնի կենտրոն Հայաստանի Հանրապետությունում և, առհասարակ, աշխարհում: Բյուրականում են աշխատել և ստեղծագործել բազմաթիվ հայտնի գիտնականներ, արվեստագետներ, հասարակական և մշակույթի գործիչներ:
Բյուրականում են ծնվել և աշխատել բազմաթիվ ինժեներներ, մաթեմաթիկոսներ, պատմաբաններ. տարբեր ոլորտների մասնագետներ և գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել գյուղի և, առհասարակ, ամբողջ երկրի կայացման և զարգացման գործում: Ովքեր տարիներ շարունակ ուղենիշ են ծառայել երիտասարդ սերնդի համար, որոնց նայելով ու նրանցից սովորելով, կրթվել է նոր սերունդը: Այդպես է եղել տարիներ շարունակ և դա նորմալ է, բայց հիմա կարծես պատկերը փոխվել է:
2012 թ. Բյուրական համայնքի ընտրություններում հաղթեց Զարզանդ Բաբայանը, ով խոստանում էր լինել բյուրականցիների կողքին, և ծառայել նրանց շահերին: Խոստանում էր….. Զարզանդ Բաբայանի առաջին գործողությունը համայնքի ղեկավարի պաշտոնում եղավ 2013թ. Նախագահական ընտրությունների բացահայտ ու լկտի կեղծումը, որն իր կողմից նույնպես չհերքվեց և միտում էլ չուներ թաքցնելու: Այսպիսով նա բռնացավ իր համագյուղացիների կամքին, զրկեց նրանց մարդու ամենակարևոր և արժանապատիվ իրավունքից ՝ ընտրելու իրավունքից:
Հիշեցնենք, որ դա բացի ստոր և լկտի արարք լինելուց, քրեորեն դատապարտելի արարք է, այսինքն՝ հանցագործություն: Հետագայում Զ. Բաբայանի և իր շրջապատի կողմից սկսեցին ճնշումներ գյուղացիների նկատմամբ, ովքեր ինչ-որ հարցերում համակարծիք չեն եղել իր և իր եղբայրների հետ տարբեր հարցերի շուրջ: Այդ մարդիկ ենթարկվել են ճնշումների, նույնիսկ ծեծի են ենթարկվել, Զ. Բաբայանի եղբայրների և նրա թափթփուք շրջապատի կողմից:
Զ. Բաբայանի եղբայրները նույնիսկ զենք են բարձրացրել սեփական գյուղացիների վրա և փորձել զենքի ուժով ահաբեկել, գյուղում ստեղծել վախի մթնոլորտ: Այս իրավիճակից մտահոգված լինելով, նախքին գյուղապետ Հրաչյա Ավագյանն առաջադրեց իր թեկնածությունը 2016թ. սեպտեմբերին կայանալիք համայքի ղեկավարի ընտրություններում , մեզ հետ զրույցում պարոն Ավագյանը նշեց, որ իր առաջադրումը միայն մի նպատակ է հետապնդում ազատագրել գյուղը , գյուղացուն վերադարձնել իր արժանապատվությունը և սեփական կարծիք ունենալու իրավունքը:
Զ. Բաբայանը և իր շրջապատը հավատարիմ լինելով իրենց որդեգրած գործելակերպին` այսօր էլ փորձեր են կատարում ճնշումներ գործադրել գյուղացիների վրա:Կանգնեցնում են մեքենաներ, անցորդներ և հորդորում ընտրել Զ. Բաբայանին նշելով, որ ով իրենց հետ չի իրենց թշնամին է և իր հետ հաշվեհարդար են տեսնելու:
Խոսքս ուղղում եմ բոլոր բյուրականցիներին. «Հարգելի և սիրելի բյուրականցիներ թույլ մի տվեք, որ որոշ կասկածելի անցյալով ու ներկայով ապրող երևույթներ բռնանան ձեր կամքին: Ոչ ոք դրա իրավունքը չունի: Դու՛ք ազատ եք ձեր ընտրության մեջ :Ոչ ոքից մի վախեցեք , թույլ մի տվեք կառավառել ձեզ, բռնանալ ձեր կամքին, թույլ մի տվեք վերածել ձեզ ստրուկի:Ձեր երեխաները վաղը աչք են տալու ոչ թե խելացի, բանիմաց, կիրթ ու գրագետ մարդկանց, այլ աչք են տալու հանցագործ, ստոր թափթփուկների ու խորտակելու են իրենց ապագան, դառնան նրանց նման թափթփուկ, թույլ մի տվեք այդ ստոր ու ճղճիմ արարածներին կառավարել ձեզ ու ձեր երեխաներին: Թույլ մի տվեք որպեսզի վարկաբեկվի ձեր սիրելի գյուղի անունն ու բարի համբավը: Դուք եք ընտրում ձեր ապագան լավ հիշեք ու երբեք չվախենաք»:
Այս նյութը դիտել են - 4667 անգամ