Հասարակությունը պետք է ճանաչի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին և հասկանա, ինչով են նրանք առաջնորդվում և ինչ են ուզում անել
2016-08-31 03:07:00

Առջևում ՏԻՄ ընտրություններն են և դա մեր հասարակության համար մեծ հնարավորություն է վաղվա փոփոխությունների հիմքերը հաստատելու համար: Սա յուրօրինակ փորձ է՝ գալիք համապետական ընտրություններին ընդառաջ, և այս գործընթացը թույլ է տալիս հասարակությանը ճանաչել քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին, հասկանալ՝ ինչով են նրանք առաջնորդվում և ինչ են ուզում անել:

Հատկանշական է, որ «Համախմբում» կուսակցությանը անվանը համահունչ՝ համախմբում է հասարակության լայն շերտերը՝ հաղթահարել հասարակության մեջ առկա տարաձայնությունները և միավորվել միասնական, չասեմ գաղափարի՝ այդ բառն արդեն հասցրել են վարկաբեկել այլ ուժեր, բայց նպատակների շուրջ: Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ ազատ և ուժեղ պետություն, որտեղ մենք մեզ կզգանք արժանապատիվ քաղաքացիներ, կլինենք մեր երկրի տերը:

Այս համատեքստում կարևոր էր կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի խոսքը սահմանամերձ բնակավայրերի ռազմավարական նշանակության և դրանց զարգացման անհրաժեշտության մասին:

Իսկապես, երբ խնդրին մոտենում ենք այս տեսանկյունից՝ գյումրեցիների և մնացած սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսերը դադարում են սոսկ համայնքային նշանակության խնդիր լինել: Սա ազգային անվտանգության խնդիր է, որի մասին առաջին հերթին պետք է մտածել, այլ ոչ թե Թուրքիայի հետ սահման բացելու և «էժան պոմիդոր» բերելու: Այդքանով համայնքների զարգացման խնդիրը չի կարող լինել նաև պոպուլիստական շահարկումների, էժանագին քաղաքական դիվիդենդներ ստանալու առարկա:

Դեպի Գյումրի ծով չես բերի և քաղաքը ոտքի կանգնեցնելու և զարգացնելու համար իրատեսական ծրագիր է հարկավոր, որը հիմնված կլինի այդ տարածաշրջանի ներքին պոտենցիալի վրա: Տարիների փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունները դրան պարզապես ունակ չեն՝ պոպուլիզմից, մեկ բաժակ ջրում փոթորիկ անելուց և դրանով քողարկված թալանից բացի մենք Գյումրիում այլ բան չենք տեսել: Պետք է սրան վերջ տալ և մենք այսօր ունենք դրա հնարավորությունը: Պարզապես կամք է անհրաժեշտ:

Գյումրին ռազմավարական նշանակություն ունի նաև ներքաղաքական համատեքստում՝ այն Հայաստանի երկրորդ քաղաքն է և այնտեղ հաղթողը կամրապնդի դիրքերը համապետական ընտրություններից առաջ և խորհրդարանական ընտրություններում հաղթելու հավանականությունը:

«Համախմբման» գործողությունները ցույց են տալիս, որ կուսակցությունը գիտակցում է այս խնդրի լրջությունը և ունի նաև այդպիսի իրատեսական ծրագիր: Խոսքերիս վառ ապացույցներից մեկն էլ ավագանու նախընտրական ցուցակն է. այն գլխավորում է Հովհաննես Ասոյանը՝ մարդ, ով ոչ միայն ունի պետական կառույցներում աշխատելու երկար տարիների փորձ, այլև գործարար է, ով ներսից է ծանոթ տարածաշրջանում առկա խնդիրներին և կկարողանա դրանք լուծել՝ թույլ տալով գյումրեցիներին կիրառել իրենց ողջ ստեղծարար ներուժը և կերտել սեփական բարեկեցությունը:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3325 անգամ