Ուսուցչի պատվաբեր գործունեությունը սեպտեմբերի 1-ով սկսվող երդման մի յուրահատուկ արարողություն է: Այդ երդմանը հավատարիմ՝ շնորհավորում եմ գիտության և կրթության ոլորտի նվիրյալներին, այդ կառույցի բոլոր սովորողներին ու նրանց հարազատներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
50 տարի…Անհանգիստ մի սարսուռ ինձ տանում է անցյալի գիրկը, որտեղ մանկություն կա, անցյալի հուշեր, համեստ մի աղջնակ՝ ձեռքին ծաղիկներ… Այս ուսումնականում մի նոր հուզմունք ավետում է իր մասին, որ կես դար առաջ, որպես առաջին դասարանցի, դպրոցի նոր ուսումնական տարվա հանդիսավոր արարողությանն էի մասնակցել հոգու անհանգիստ ելևէջումներով: Այդ օրը նստել էի առաջին անգամ դպրոցական նստարանին և անհագուրդ հիացմունքով ունկնդրել իմ առաջին ուսուցչուհուն:
Ակնհայտ է, որ այս տոնը վայելում է համաժողովրդական մեծ սեր և խանդավառում է բոլորիս: Բայց մի առանձին հոգածությամբ ուզում եմ շնորհավորել ապրիլյան պատերազմ տեսած դպրոցականներին և իմ բոլոր գործընկերներին, երբ դասերն ընդհատվել էին ոչ թե դպրոցի զանգի ղողանջից, այլ հակառակորդի պարբերաբար կրկնվող հրետակոծությունից: Այդ օրերին դպրոցն էլ արկակոծվեց, դպրոցի զանգը լռեց, մեր աշակերտները հաճախեցին տարբեր դպրոցներ, ոմանք մնացին հարազատ բնակավայրում, բայց ողջունելի էր, որ պատերազմի սարսափն ապրած նոր սերունդը կարողացավ նորից համախմբվել մայիսին, և բոլոր ուսուցիչների ու ծնողների մասնակցությամբ, Վերջին զանգի արարողությամբ՝ եզրափակեցինք դասերը:
Ամեն անգամ ուսումնական նոր տարում պարտավորված եմ զգում ինձ: Սա երդու՞մ է, որ խոստանում եմ պատվով կրել այդ սուրբ անունը, գուցե «ի խորոց սրտի» ասված խո՞սք, որ Աստծո օրհնությամբ ինձ բախտ է վիճակվել այս տարիներին դպրոց մտնել, և այսօր ուզում եմ մի քանի խոսք ուղղել մեր կառույցի բոլոր մանկավարժներին և ասել, որ ուսուցիչներիս առաքելությունը բոլոր ժամանակներում մնում է նույնը: Ուստի հավատարիմ լինենք այս պատվաբեր կոչմանը, լինենք ուսուցանող ու խորհրդատու, ստեղծագործող ու նորարար, նրբանկատ ու բարի…Մեր կերպարով, կյանքով ու ծավալած գործունեությամբ, մեր ապրելակերպով ընդօրինակելի դառնանք մեր սաների համար: Դասարան մտնենք ճշմարիտ արժեքների գիտակցումով, իսկական մտավորականի հպարտ կեցվածքով, անձնային ու մասնագիտական որակներով, ապրենք հասարակության՝ որպես դաստիարակող միջավայրի հոգսերով ու խոհերով:
Բայց ի՞նչ, հինգ տասնյակ տարինե՞րն են պատճառը, ինչու՞ եմ ուզում, խոստմանս համաձայն, բարձրաձայնել, որ կշարունակեմ հավատարիմ մնալ Ուսուցչի բարձր ու վեհ կոչմանը, կոչում, որ անչափելի, անսահման բարձր է ինձ համար: Այն իմ ստեղծագործական ներուժն է, իմ հոգու ջերմությունը, դա նվիրվածություն է կրթության ու դաստիարակության գործին, դա արդարություն է, բարի գործի նվիրում, դա գեղեցիկի զգացողություն է, մաքառումներին դիմակայելու անհողդողդ կամք…Դա կյանքի իմաստ է, նվիրական արարում, դա սեր է ու ամեն ինչ, որ ինձ հետ է միշտ:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 3617 անգամ