Ում է վաճառել Fact.am-ը կայքը «ԳԱԼԱ»
2016-08-31 14:45:00

ԳԱԼԱ կուսակցության ցուցակը գլխավորող Վահան Խաչատրյանի հասցեին հերյուրանքներ էին հրապարակվել է Fact.am կայքում, որի սեփականատերն է Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Ալյանս» կուսակցության առաջին համարը զբաղեցնող Արմեն Բադալյանը:

Հիշյալ անձը Գյումրիում այնքան էլ ճանաչված չէ, բայց նրա անունով գրանցված են մի շարք կայքեր, պետռեգիստրում՝ մի շարք հասարակական կազմակերպություններ կան, որոնց գործունեությունն առայժմ մեր ուսումնասիրության տիրույթում է:

Նրան գյումրեցիները կարող են հիշել «Ցայգ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փաստեր» հաղորդումից:

Հիմա Բադալյանը հրաժարվում է Fact.am կայքից, որը հրապարակել է Վահան Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հարցազրույց Շիրակ Շահնազարյանի կողմից: Երիտասարդը թե գրավոր, թե բանավոր խոսքում հայտարարել է, որ վաճառել է Fact.am-ը՝ չմատնանշելով, սակայն, թե ում է վաճառել:

Բադալյանը նշում է, որ իր անունով տասը կայք կա գրանցված, սակայն դա չի նշանակում, որ ինքն է կայքերը խմբագրում ու վերահսկում:

Կայքի հետադարձ կապ բաժնում որպես խմբագիր նշված է Դավիթ Վարդանյան անուն ազգանունը: Կապ հաստատելու համար, սակայն, հեռախոսահամար չկա, առկա է միայն էլեկտրոնային հասցե: Թե ով է Դավիթ Վարդանյանը, չգիտի կայքը վաճառող Արմեն Բադալյանը: Ֆեյսբուքում Դավիթ Վարդանյանը բավականին ակտիվ է եղել, նյութեր ու աֆորիզմներ է կիսվել հիմնականում Արմեն Բադալյանի էջից: Հիմքեր ունենք կասկածելու, որ էջը ֆեյք է, եւ խոսքը նույն անձի մասին է՝ Արմեն Բադալյան անուն ազգանունով:

Ում է վաճառել Fact.am-ը կայքը՝ ԳԱԼԱ-ն խոստանում է օգնել Արմեն Բադալյանին հայտնաբերել փաստերը, որոնցից անմասն չի մնա մեր հեռուստադիտողը:

Իսկ հիմա «Համահայկական կոնգրես» կոչվող բարեգործական հասարակական կազմակերպության մասին:

Օրերս այս կազմակերպությունը նաեւ հայտարարություն տարածեց, թե ամբողջ կազմով որոշում է ընդունել Գյումրիում հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին սատարել «Ալյանս» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում է նույն Արմեն Բադալյանը:

«Ալյանս» կուսակցության մամլո քարտուղար Վարդան Քոչարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ ՀԿ նախագահը նույն ինքը Արմեն Բադալյանն է:

«Համահայկական կոնգրես» ՀԿ էլեկտրոնային կայքում զետեղված հեռախոսահամարով փորձեցինք կապ հաստատել ՀԿ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատուի հետ: Պարզվեց՝ դարձյալ Արմեն Բադալյանի հետ գործ ունենք:

Ստացվում է, որ Բադալյանն ինքն է իրեն սատարում առաջիկայում սպասվող ընտրություններին:

Պարզվում է, որ «Ալյանս»-ին սատարելու մասին որոշումն էլ է կոլեկտիվ եղել, համագումար են հրավիրել, եւ պատվիրակները ՀՀ-ից եւ արտերկրից որոշել են սատարել «Ալյանս» կուսակցությանը: Այդ մասին հեռախոսազրույցով փոխանցեց մեզ Արմեն Բադալյանը:

Բադալյանը համագումարը հրավիրել է իր սեփական տանը, իսկ արտերկրի անդամների հետ կապ են հաստատել ու հարցը քննարկել են տեսակապի միջոցով:

Առհասարակ հետաքրքիր է նաեւ, թե ինչ գործունեություն է ծավալում կազմակերպությունը եւ որտեղ: Որպես այս կազմակերպության հասցե էլեկտրոնային կայքում նշված է. Քաղաք Գյումրի, Վազգեն Սարգսյան, հեռուստակենտրոն: Այս հասցեով Գյումրիում գործում է Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունը: Փորձեցինք ճշտել, թե ինչ կապ ունի «Շանթը» «Ալյանս»-ին աջակցող «Համահայկական կոնգրես»-ի հետ: Պարզվեց՝ ոչ մի կապ: «Շանթ» հեռուստաընկերությունից մեզ փոխանցեցին, որ «Համահայկական կոնգրես» կոչվող ՀԿ-ի մասին ոչինչ չգիտեն, իրենց հեռուստաընկերության հետ կապ չունի, միայն ճանաչում են այդ կազմակերպության նախագահ Արմեն Բադալյանին, որն ինչ-որ ժամանակ «Շանթ»-ում է աշխատել:

Նույն հասցեում գործում է նաեւ ՀՌԱՀ-ին պատկանող քաղաքի գլխավոր հեռուստաաշտարակը: Այս կառույցից եւս փոխանցեցին, որ նման կազմակերպության մասին ոչինչ չգիտեն եւ տեղյակ էլ չեն, թե ինչու է իրավաբանական գրանցումն այդ հասցեում:

galatv.am

Այս նյութը դիտել են - 6477 անգամ