Եթե անկեղծ լինենք, ամերիկացի դիվանագետն իսկապես չի կարող տեսնել մի բան, ինչը գոյություն չունի: Բայց այսքանով հանդերձ մեր իշխանությունները որոշել են ամեն գնով ձեռք բերել այդ գումարը և նույնիսկ մտադրվել են դա անել մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետին կից՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին աջակցելու համար ԱՄՆ-ը խոստացել է տրամադրել 750 հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ հիմա այդ փողերն ունենալու համար ձեռքուոտք է ընկել հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կառավարության տարեվերջյան նիստին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում թույլատրել Հայաստանի կառավարության աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների հաշիվ՝ ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ կնքված «Oժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի իրականացման և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ. միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու համար: Ընդ որում, գումարը տնօրինելու է հենց կառավարության աշխատակազմը՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ:
Նշված համաձայնագրով նախատեսվում է կառավարության աշխատակազմին տրամադրել 750 հազար դոլարի ֆինանսական օժանդակություն 1 տարվա համար՝ փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար: Հասկանալի է, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է՝ թոզ փչել ամերիկացիների աչքին և ձև անել, թե կոռուպցայի դեմ աննահանջ պայքար մղելու համար Դավիթ Հարությունյանին ու մյուսներին այս պահին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ունենալ ճանապարհային քարտեզ:
Թե մինչ օրս քանի այսպիսի քարտեզ է ստեղծվել, նրանց համեմատ քարտեզագիտության ինստիտուտը գլուխը քարին է տվել: Բայց դա ո՞ւմ է մտահոգում: Կարևորը փողն է և այն պատրանքը, թե իբր շատ կարևոր գործ է արվում: Դրա համար էլ այսօր Դավիթ Հարությունյանը երդում է ուտում, որ որոշման ընդունումը կապահովի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից օժանդակվող ծրագրին տրամադրվող գումարի «նպատակային շրջանառությունը»:
Դեսպան Ռիչարդ Միլսը նրա համար չի եկել Հայաստան, որ երդումների հավատա: Նպատակային բառն էլ ամերիկացիների համար այլ իմաստ ունի, հայերի համար՝ մեկ այլ իմաստ: