Քննչական ծառայության հաղորդագրությունն եմ նայում և զարմանում այս իշխանությունների երեսպաշտության վրա: Օրենքը Սերժ Սարգսյանի ձեռքում դարձել է սեփական շահերը պաշտպանելու գործիք: Օրենքի գերակայության, իրավահավասարության մասին պնդումներն էլ վերածվել են քաղաքացիներին ծաղրելու միջոցի:
Ուրեմն պարզվում է, որ Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած բախումների ժամանակ եղել է նաև ինչ-որ առեղծվածային երրորդ կողմ՝ թաքուն գործող մի ինչ-որ «Սարգսյան-յուգենտ», որի անդամներն անձնվիրաբար ծառայում են իրենց «ոժդին»՝ Սերժ Սարգսյանին և, իհարկե, անում են դա առանց որևէ անձնական շահ հետապնդելու՝ ազգի համար:
Եվ այդ ազգի համար, որի մարմնավորումն իրենց համար Սերժ Սարգսյանն է, 6 դյուցազուններ այդ գիշեր դուրս են եկել փողոց ու դաժան ծեծի ենթարկել 99 քաղաքացիների՝ այդ թվում 23 լրագրողի: Ընդ որում, այդ անհայտ «ազգի հերոսները» դա արել են հարյուրավոր ոստիկանների աչքի առաջ:
Զարհուրելին էլ այն է, որ հուլիսի 17-ին և 29-ին տեղի ունեցած՝ ցուցարարների ծեծից հետո ձերբակալվել են տասնյակ երիտասարդներ, որոնց միակ մեղքն այն էր, որ փորձում էին պաշտպանել իրենց իրավունքները, իսկ հետագայում նաև կյանքը՝ երբ ոստիկանությունը դիմեց գրոհի, կիրառելով նռնականետեր և հրազեն՝ անզեն ցուցարարների դեմ:
Հիմա այդ բոլոր երիտասարդները կալանավայրում են և նրանց սպառնում է երկար տարիների ազատազրկում, իսկ այդ «հերոսներից» 2-ի նկատմամբ նույնիսկ ազատության սահմանափակում չի կիրառվել, չնայած նույն հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ նրանց գործողություններից տուժած 5 քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, այսինքն այդ հանցագործները զինված են եղել և նրանց մոտ նռնակներ է եղել:
Փաստորեն, հանուն Սերժ Սարգսյանի կատարած ցանկացած հանցագործություն արդարացված է, իսկ նրա դեմ չնչին բողոքն անգամ՝ քրեորեն պատժելի աններելի արարք:
Հ.Գ. Չեմ զարմանա, եթե այդ «ազգանվեր հայրենասերներին» համաներումով ազատ արձակեն, ինչպես բաց թողեցին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգած և դաժան ծեծի ենթարկած հանցագործներին: Դե բա իհարկե, այս երկրում միայն ոստիկանությունն է պետականության խորհրդանիշ, ազգի ընտրյալ պատգամավորն ու խորհրդարանը ի՞նչ են որ: