Ո՞ւր անհետացավ 106 միլիարդը, ո՞ր դեզի մեջ կորցրեցին այդ ասեղը...
2015-12-24 09:24:00

Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց Կենտրոնական բանկի նախորդ տարիներին 106 մլրդ դրամի կուտակած պարտքի վերաբերյալ: Այն կփակի կառավարությունը՝ մուրհակ տրամադրելու միջոցով:

 Սակայն այլ բան է կառավարության որոշումը, մեկ այլ բան է այն հարցը, թե ու՞ր անհետացավ 106 միլիարդը, ո՞ր դեզի մեջ կորցրեցին այդ ասեղը: Այս հարցն իսկապես էական է, քանի որ երբ լրագրողները նույնն ասացին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, վերջինս պատասխանեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչու է գոյացել այս պարտքը:

Չկարողանալը գրեթե իրավիճակին չտիրապետելն է կամ ասել չցանկանալը: Փոխնախարարը դա պիտի որ լավ իմանա: Բայց մինչ իմանալը վերջինս անհրաժեշտություն ունի փոքրիկ շտկումներ կարարելու, քանի որ Սաֆարյանն սկզբում նշում էր, թե իբր դա պարտք է, հետո էլ պնդեց, որ ոչ թե պարտք, այլ վնաս է:

Պարտքերը հատուցել է պետք, վնասների համար էլ պատժում են վնասատուին: Սակայն ԿԲ-ի դեպքում կարծես թե տուժողներ չեն լինելու՝ բացառությամբ երկրից, որը միշտ տուժած կողմ է, երբ պատասխանատուները անպատասխանատու են: Հիմա էլ նույնը կատարվում է չարաբաստիկ 106 միլիարդի հետ: «Այսպիսի մեծ պարտքերը տարիների ընթացքում են կուտակվել՝ 2000-ական թվականների սկզբներին: Յուրաքանչյուր տարի մասնագիտական պատճառներ են եղել: Եթե ԿԲ-ի եկամուտները չեն փակում սահմանված ծախսերը, այսինքն՝ եկամուտները պակաս են լինում, կառավարությունը պարտավորվում է այդ տարբերությունն ինքը փոխհատուցել: Դա օրենքով սահմանված է»,- իրավիճակի բացատրություն է որոնում Սաֆարյանը: Բայց այս խոսքերը փողերը ետ բերելու ուժ չունեն: Եվ հիմա մնում է միայն հասկանալ, թե ինչի՞ համար է ստեղծված Կենտրոնական Բանկը և ինչո՞վ է զբաղված ֆինանսների նախարարությունը: Սրանք այն գործիքներն են, որոնք պիտի երկիրն ապահովեն փողով: Բայց ստացվում է ճիշտ հակառակ պատկերը: Փողերը արժանանում են կասկածելի ճակատագրի, իսկ պետությունը փոխհատուցում է վնասները, որոնք նաև պարտք են կոչվում:

 
 
shame.am
Այս նյութը դիտել են - 1726 անգամ