Գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, երբ ամեն մի լուման իր ուրույն արժեքն ու գինն ունի. արդեն որերորդ անգամ է, որ երկրի բյուջեն թերակատարվում է:
Պարզվում է, սակայն, որ կառավարության որոշ անդամների` նախարարների համար ծովն, ինչպես ասում են, շարունակում է ծնկներից լինել, ու մարդիկ, մոռանալով կամ չցանկանալով հասկանալ, թե ինչպիսի երկրում են գտնվում, շարունակում են պահանջել բաներ, որոնք ոչ մի կերպ տրամաբանական չես համարի:
Այսպես`պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության պահուստային ֆոնդից գումար է պահանջում պետական պահպանության ծառայության զինծառայողների արտասահմանյան գործուղումների համար: Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում է ընդգրկվել կառավարության պահուստային ֆոնդից պետական պահպանության ծառայությանը 2016 թվականին 50 միլիոն դրամ հատկացնելու որոշման նախագիծը:
Ընդ որում, ինչպես նախագծում է նշված, այս գումարի անհրաժեշտությունն իբր առաջացել է արտասահմանյան գործուղումների քանակի ավելացման արդյունքում:
Այն, որ մեր հասարակության գլխին տարատեսակ չինովնիկների թիկնապահներն, օգնականները, նազիր-վեզիրները դեռևս անհիշելի ժամանակներից խիստ թանկ են նստում, ամենևին էլ նորություն չէ. այս մասին հաճախ է խոսվել տարբեր մակարդակներում:
Բայց, անշուշտ, մի բան է, երբ ասենք համապատասխան չափի գումար է պահանջվում այն ժամանակ, երբ երկրում ֆինանսական դրությունը փոքրիշատե նորմալ է, և բոլորովին այլ բան, երբ երկիրը, փաստացի, կանգնած է ֆինանսական կրախի եզրին: Տեսնես Գագիկ Խաչատրյանն այդ ումի՞ց է մահու չափ վախենում, որ հիմա էլ, «երկու ոտքը մեկ կոշիկում ճխտած», եկել ու կառավարությունից փող է ուզում: Մի՞թե չի հիշում վարչապետի` ամիսներ առաջ կատարած հայտարարությունն այն մասին, որ երկրում հայտարարվում է խնայողական ռեժիմ, իսկ չինովնիկների տարատեսակ քմահաճույքների բավարարմանն ուղղվող ահռելի գումարներն էլ, ազատ մնալով, ուղղորդվելու են շատ ավելի կարևոր ուղղություններով` դարման դառնալու հասարակության սոցիալապես առավել խոցելի խավերի համար: Վերջապես, եթե Խաչատրյանը վստահ է, որ իրեն հետևում են ու կարող է մի օր էլ բոլորովին անսպասելիորեն «գլուխն ուտեն», թո՛ղ բարի լինի ու իր թիկնապահների ուղևորությունների համար սեփական գրպանից վճարի (նույնը, թերևս, վերաբերում է մյուս չինովնիկներին): Ի՞նչ է, անպայման պետք է թոշակառուն կամ ո՞րբը ստիպած լինեն վարձահատույց լինել որոշ փողկապավորների անձնական կոմֆորտի ու հոգեկան հանգստության համար. որտե՞ղ է այստեղ ռացիոնալի հատիկը…
Ցավոք, այն մտածելակերպն ու արժեհամակարգը, որ բնորոշ են մեր ղեկավարներին, պետական գերատեսչությունների պետերին ու «շիշկեքին», ամենևին էլ չի բխում հայկական ռեալներից:
Սրանք իրենք իրենց երևակայել են, թե իբր Բադեն-Բադենի փափկասուն բնակիչներ են, իսկ Հայաստանն էլ աշխարհի ֆինանսական կենտրոնն է, ուր փողը, ինչպես ասում են, գոլ է տվել:
Մի ձեր շո՛ւջը նայեք, բացե՛ք հաճույքներից ու օբյեկտների ծխից ընդարմացած ձեր աչքերը, դուք այստեղ թշվառությունից բացի, այլ բան տեսնո՞ւմ եք, միգուցե տեսնո՞ւմ եք, եթե` այո, ապա կխնդրեինք մեզ էլ ցույց տալ` հմայվեինք կառավարման ձեր տաղանդով…
Ամո՛թ է, խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք…
Այս նյութը դիտել են - 1088 անգամ