Հայաստանի բոլոր մսխված միջոցների մեղավորը մի աներևույթ, անմարմին, վերացական էակ է, որ սավառնում է մեր երկրի գլխավերևում, խժռում է ամեն բան ու մնում անորսալի «Shame »2016-09-02 00:30:00
Ուրվականը կերել է 52 միլիոն դոլար
Զարմանալու ընդունակությունը վաղուց կորցրած Հայաստանի բնակչության համար կարծես թե արդեն որևէ ազդեցություն պիտի չունենար տեղեկությունն այն մասին, որ ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող «Երևանի ՋԷԿ»-ը ռուսական «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Բայց արի ու տես, որ զարմացավ: Զարմացավ, քանի որ դեռ հիշողության մեջ թարմ էր, թե ինչպես 2013թ դեկտեմբերին կնքված պայմանագրով հայկական կողմը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց ռուսական ընկերությանը փոխանցեց իր ունեցած վերջին՝ 20% բաժնեմասը «Հայռուսգազարդում»: Ու հիմա ամեն հարկատու գոնե մի փոքր իրավունք ունի հասկանալու, թե որտեղի՞ց լույս աշխարհ ընկավ այս լրացուցիչ 52,3 միլիոնը:
Այս իրավունքի մասին, հավանաբար, հիշել էր նաև ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Եվ ահա վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը պատասխանեց, որ իրականում «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք են ոչ թե 52,3, այլ 33.8 մլն դոլար, իսկ մնացած մոտ 20 միլիոն դոլարը մարվել է Համաշխարհային բանկից վերցված վարկի հաշվին: Յոլյանն այդ բանն այնպիսի հրճվանքով ասաց, որ կարծես այդ փողերը փակվելու են ոչ թե շարքային քաղաքացիների հաշվին, այլ ինքն արդեն սեփական գրպանից բարեգործության կարգով վճարել է:
Այս խոշոր փողերի մասին խոշոր պաշտոնյաները կարող են խոսել՝ որքան ցանկանաք: Նրանք ամեն բան կասեն, բացի մի հարցի պատասխանից՝ ինչպե՞ս գոյացավ այդ նոր պարտքը: Օրինակ, Յոլյանին եթե հարցնելու լինենք, նա անմիջապես կասի, որ դա գոյացել է իր պաշտոնավարումից առաջ, ասել է, թե՝ իմ հետ գործ չունեք, ուրիշին հարցրեք:
Իսկ ո՞վ է այդ ուրիշը, կամ ո՞վ է երբևէ հիշում գոնե մի դեպք, երբ գտնվել է այդ մեղավոր ու հանցավոր ուրիշը: Սովորաբար դրանք երբեք չեն ունենում անուն-ազգանուններ, պատասխանատվության չափ, օրենքի առաջ կանգնելու վախ: Ու հիմա մնում է մտածել, որ Հայաստանի բոլոր մսխված միջոցների մեղավորը մի աներևույթ, անմարմին, վերացական էակ է, որ սավառնում է մեր երկրի գլխավերևում, խժռում է ամեն բան ու մնում անորսալի:
Shame.am
Այս նյութը դիտել են - 1020 անգամ