Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ
2016-09-02 00:31:00

Օսկան Քոչարյան

Հուլիսյան իրադարձություններից հետո երկրում ուրվագծվող քաղաքական նոր տրամադրություններում առաջին հերթին աչքի զարնեց որոշ գործիչների հանդեպ վերաբերմունքի փոփոխություն ձևավորելու միտումը: Խոսքը նախ և առաջ մոռացվածներին ու մերժվածներին էր վերաբերում: Պահը շատ նպաստավոր էր պղտոր ալիքի վրա հներին հետ բերելու համար: Ու հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ շոշափվեց Գագիկ Ծառուկյանի, ավելի ճիշտ՝ նրա վերադարձի թեման: Սկզբում թեթև ակնարկներ հնչեցին, թե ինչ կարող էր լինել, եթե Ծառուկյանն այս պահին քաղաքական դաշտում գտնվեր: Հետո հետզհետե թեման խորացվեց, շեշտը դրվեց այն մտքի վրա, թե նրա հեռանալը որքան բացասական անդրադարձ ունեցավ: Իսկ այսօր արդեն Ծառուկյանի վերադարձը մատուցվում է իբրև հրամայական պահանջ:

Միամտություն է կարծելը, թե նման վերաբերմունքն ինքնաբուխ է: Այստեղ հստակ գծագրվում է ուղղորդող ձեռքը, որոշ կայքեր հետևողականորեն առաջ են հրում այդ գաղափարը և հող նախապատրաստում կտրուկ շրջադարձի համար: Սրան զուգահեռ՝ ակտիվ աշխատանք են տանում ֆեյսբուքյան «ֆեյքերը»: Եվ սակայն բոլոր դեպքերի համար գլխավոր դժվարությունը շարունակում է մնալ հիմնավորումը: Ինչո՞ւ պիտի Գագիկ Ծառուկյանը վերադառնա: Ո՞ր անհրաժեշտության կամ ո՞ր առավելության համար: Եվ հենց այս կետում էլ հարցը մտնում է փակուղի:

Բայց այնուամենայնիվ, ներկա պահին առավել լայն տարածում գտած վարկածը հետևյալն է: Ասվում է, որ, այո, Ծառուկյանը քաղաքական երևույթ չէ, նա գործարար է ու բարեգործ: Իսկ այնուհետև գալիս է փաստարկման հատվածը. «Բայց կյանքը ցույց տվեց, որ սին էին այն հույսերը, թե Ծառուկյանի տեղը համալրվելու է երկրի մասին հոգացող քաղաքական տարրերով: Տեսնում ենք, թե վերջերս քաղաքական ասպարեզ հայտնված նորակոչիկները կամ «ավանդական» քաղաքական ուժերը որքանով են առավել Ծառուկյանի գծած նշաձողից... Համեմատելն անգամ ամոթ է... Դրանց ֆոնին Ծառուկյանի վերադարձը ոչ թե ցանկալի կամ նախընտրելի է, այլ ուղղակի անհրաժեշտ»:

Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ: Սա ակնհայտ է: Նրա այդ բուռն ցանկության համար կա երկու նպաստավոր պայման: Նախ, իշխանությունների վերաբերմունքն իր հանդեպ այժմ շատ ավելի լոյալ է, մյուս կողմից էլ Ծառուկյանը չի կարող մնալ եզրային խաղացող, այլապես կորուստները մեծ կլինեն:

Նաև հարկ է նկատել, որ հիմա իշխանություններին շատ ավելի հաճելի է գործ ունենալ վերահսկելի ու հնազանդ Ծառուկյանի, քան գլուխ դնել անկանխատեսելի ջահելների հետ: Այնպես որ, գործարքը կարող է փոխշահավետ համարվել:

shame.am

Այս նյութը դիտել են - 1116 անգամ