Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ էր
2016-09-02 00:41:00
Նախարար Արծվիկը գնալ-գալովի է
Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն արդեն վաղուց է համալրել այն պաշտոնյաների շարքը, որոնց ոչ ոք լուրջ չի ընդունում: Օրերս նույնիսկ լուրեր տարածվեցին, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում պարապ ժամերին անեկդոտներ են պատմում նախարարի մասին և համոզված պնդում, որ Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ էր: Իսկ սա այն դեպքերից է, երբ խոսակցությունները բոլորովին էլ չափազանցված ու գունազարդված չեն: Արծվիկն իրոք թույլ ու անտեղյակ երևույթ է, իսկ այսօր ապացուցեց, որ ասվածի հետ մեկտեղ շատ մածուցիկ ու անհաստատ մարդ է:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը դիվերսիֆիկացիայի պակասն է: Հետո պնդեց, թե տնտեսության առջև ծառացած խնդիր են նաև արհեստական խոչընդոտները, որոնք ստեղծվում են տնտեսվարողների համար: Ու հենց այդ մտքի վրա էլ հայտարարեց հետևյալը. «Արհեստական խոչընդոտ է ոչ բավարար մրցակցային վիճակի առկայությունը, երբ առանձին շուկաներում մենք ունենք կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչպես նաև ներմուծումների չափազանց մեծ մակարդակը, որը հայրենական արտադրության շրջանակներում որոշակի սահմանափակումների է հանգեցնում: Այս խնդիրները կարգավորելու համար հակամենաշնորհային ակտիվ քաղաքականությունը և տեղական արտադրության խթանման քաղաքականությունը զուգահեռաբար պետք է իրականացվեն»:

Ընդամենը մի քանի ամիս առաջ նույն նախարար Արծվիկն ի լուր ամենքի հայտարարել էր, թե իր երկարատև ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն հաստատ հետևությանը, որ Հայաստանում մենաշնորհ գոյություն չունի, ամեն ինչ կատարվում է ազնվության և օրենքի շրջանակներում, իսկ հիմա հանկարծ որոշեց, որ հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության անհրաժեշտություն կա: Իսկ եթե նաև վերհիշենք, որ դաշնակ Արծվիկն արդեն մեկ անգամ ուրացել էր իր խոստումը, երբ խոստացել էր արտոնյալ օլիգարխների անուններ հրապարակել, իսկ հետո այդ բանը չարեց, ապա պարզ կլինի, թե ինչպիսին է նա և վաղն ինչպես կարող է հերքել իր այսօրվա ասածները:

Ասում են, կան մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում նմանվում են իրենց ներկայացրած կուսակցությանը: Այնպես որ, Արծվիկ Մինասյանի գնալ-գալովի համոզմունքները խոր արմատներ ունեն ու այնքան էլ զարմանալի չեն:
shame.am
Այս նյութը դիտել են - 1100 անգամ