Այսօր Ղարաբաղում տոն է` տոնում են անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին:
Ահա այսպիսին է Ղարաբաղի անկախության խրոնոլոգիան: Բայց մինչ այդ, 1989թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն իր արտահերթ նիստում համաձայնություն տվեց Ղարաբաղի մարզային խորհրդի որոշմանը` ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու վերաբերյալ: Փաստորեն դե-յուրե ԼՂԻՄ-ը 1989թ. դեկտեմբերից Հայաստանի մաս է կազմում, իսկ եթե երկու տարի անց հայտարարում է իր անկախության մասին, նշանակում է` Ղարաբաղն անկախացավ Հայաստանից և այսօր նշում է հենց Հայաստանից ազատվելու օրն ու տոնը:
Լեռնային Ղարաբաղի հարցում, սկսած 1988թ., բազում անհասկանալի քայլեր են կատարվել, և սեպտեմբերի 2-ը դրանցից մեկն է: Եվ հենց դա է պատճառը, որ առ այսօր Ղարաբաղի հարցի կարգավորման վերջը չի երևում, իսկ սկիզբն արդեն թաղված է այնպիսի մշուշի մեջ, որ անգամ հայերը չեն հիշում և չեն հասկանում, թե լավ, ո՞րն էր իմաստը Հայաստանից անկախանալու: Ինչո՞ւ հռչակել անկախություն` Հայաստանին վերամիավորվելուց հրաժարվելով, և դառնալ միջազգային իրավունքի հակասական նորմերի պատանդ: Ավելի լավ չէ՞ր լինի հայկական կողմի համար, եթե հայերը չհրաժարվեին 1989թ. դեկտեմբերի 1-ի պատմական որոշումից, ինչպես Իսրայելը չհրաժարվեց Արևելյան Երուսաղեմը միացնելուց, և բանակցային գործընթացը անցկացնել լրիվ այլ հիմքերով ու սկզբունքներով:
Սրանք բոլորը հարցեր են, որոնք պատասխան չունեն, բայց դա չի նշանակում, որ այս հարցերի շուրջ չպետք է խորհել: Գուցեև ժամանակը գա, երբ հայերը սկսեն ճիշտ գործել միջազգային ասպարեզում և կայացնեն ամենապարզ և ռացիոնալ որոշումները: Իսկ մինչ այդ երջանիկ պահը՝ Ղարաբաղի անկախության տոնելը վնաս չի տա: