Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ վարչապետի հանձնարարությունը կատարվել է և պատրաստ են ներկայացնել տվյալներ, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված վճիռներով որքան գումար է պետբյուջեից ծախսել Հայաստանը:Ըստ Հարությունյանի ներկայացրած տվյալների, 2014 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր առմամբ 166 հազար եվրո արդարացի հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ, որի համար 86 հազար եվրո գումար է հատուցվել, և 2016-ին դարձյալ 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո ընդհանուր գումարով:
«Իսկ արդարադատության նախարորությունից պատճառների մասին խոսո՞ւմ է, թե չկա նման բան: Մենք հիմա հետևանքներն ենք քննարկում», -Հարությունյանից հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարությունյանը արձագանքեց. «Պատճառները, կարծում եմ, պարզ են, պարոն վարչապետ, մեր դատական համակարգում առկա սխալներն են: Բոլոր երկրներում էլ լինում են սխալներ դատական համակարգերում: Բայց երկրի դատական համակարգերում երբ սպառվում են սխալը շտկելու հնարավորությունները, մարդիկ դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: