Երկրի իշխող կուսակցությունն այսօր ամփոփեց անցնող տարին և փորձեց ներկայացնել 2015-ի գլխավոր ձեռքբերումները: Թերևս Հանրապետականը ճիշտ էր վարվել, որ այդ ցանկի թվարկման առաքելությունը վստահել էր ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, քանի որ միայն նա կարող էր լավագույնս ներկայացնել այն, ինչը պիտի լիներ, սակայն չկար: Եվ ահա Շարմազանովն անցավ իր հանձնարարության կատարմանը:
«Անցնող տարվա ձեռքբերումներն են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ԵՏՄ-ին անդամակցությունը, Սահմանադրական փոփոխությունները, տարբեր կուսակցությունների հետ համագործակցությունը»,- հայտարարեց նա:
Այսքանը: Երկիրն ուրիշ ձեռքբերում չունի: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ ցեղասպանության տարելիցը չի կարելի համարել ձեռքբերում, որ ԵՏՄ-ի անդամակցությունը դեռ որևէ լավ բան չի տվել երկրին, իսկ սահմանադրության հանրաքվեի արդարացի ընթացքը կասկածի տակ է, ապա ինչպես Շարմազանովի, այնպես էլ ՀՀԿ-ի տարեմուտի ուղեբեռը չափազանց թեթև է: Դրա համար էլ այդպես բարձր է զրնգում դատարկ տակառը: