Երբ հուլիսյան իրադարձություններից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ազատման դիմում գրեց, բոլոր աղբյուրները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, միաբերան պնդեցին, որ Կոստանյանը առողջական լուրջ խնդիր ունի և այդ պատճառով է լքում իր աթոռը:
Մարդիկ էլ մտածեցին, որ երկրի գլխավոր դատախազի աթոռը լքելու համար առնվազն շատ լուրջ առողջական խնդիր պիտի եղած լինի ու կարծես թե հավատացին այդ վարկածին:
Իսկ այսօր հանկարծ տեղեկություն տարածվեց այն մասին, թե շուտով Գևորգ Կոստանյանը կնշանակվի Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը: Եթե մի պահ պատկերացնենք, որ Վարդանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է և նրան կարող են փոխարինել, ինչպես հաճախ է լինում դեսպանների պարագայում, ապա անհասկանալի է մնում, թե ինչու՞ է հավանական թեկնածուն հենց Կոստանյանը: Բա սա հիվանդ չէ՞ր: Եվ այդ ո՞ր օրից արտաքին քաղաքական գերատեսչությունը վերածվեց առողջապահական հաստատության:
Այս նյութը դիտել են - 4308 անգամ