Մեկուկես տարի առաջ, երբ խոսակցություն էր գնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպ»-ին փոխանցելու մասին, «Ցանցերի» իրավիճակը ներկայացվում էր շատ անմխիթար:
Նշվում էր՝ ՀԷՑ-ը անխնա թալանվել է, կուտակվել են խայտառակ մեծ պարտքեր, համակարգը կանգնած է փլուզման եզրին, այն աստիճանի, որ որևէ նորմալ ներդնող ցանկություն չունի դառնալ ՀԷՑ-ի սեփականատեր ու իրականացնել դրա կառավարումը:
Այս ֆոնին Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի գնման գործարքը ներկայացված էր որպես հայ ազգին արված խոշոր բարեգործություն: Իբր Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ աղաչում-պաղատում էին, որ Սամվել Կարապետյանը համաձայնվի գնել ցանցերը, համաձայնվում էին նրա առաջ քաշած բոլոր պայմաններին ու պահանջներին:
Այդ պայմաններից մեկն էլ, ինչպես հետո պարզվեց, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն էր, առանց որի, փաստորեն, Կարապետյանը չհամաձայնվեց ձեռք բերել ՀԷՑ-ը: Բանը հասավ նույնիսկ նրան, որ բնակչության սոցիալական ընդվզումը, որն առաջացել էր էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, որոշվեց մեղմել պետական բյուջեի հաշվին: Տևական ժամանակ պետությունը հարկատուներիս վճարած սուղ միջոցների հաշվին մինչև 250 կիլովատ ժամ էլեկտրականություն սպառող բնակիչների համար հատուցում էր սակագնի բարձրացված մասնաբաժինը:
Այս ամենից անցել է ընդամենը 1 տարի ժամանակ, և պարզվում է, որ էլեկտրաէներգիայի բիզնեսը Հայաստանում այլևս ոչ միայն վնասակար ու կործանարար գործ չէ, այլև նոր սեփականատիրոջը ապահովում է կլորիկ գումարներ՝ գերշահույթի տեսքով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, միայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, ստացել է ավելի քան 15 միլիարդ դրամ շահույթ, որն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը:
ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլեկտրաէներգիայի 69 տոկոսը արտադրող կայաններից գնել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամով, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, և միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է «Հրազդան ՋԷԿ»-ից, որի սակագինը ամենաբարձրն է՝ 42,9 դրամ:
ՀԷՑ-ը սպառողների էլեկտրաէներգիան մինչև այս տարվա օգոստոսի 1-ը վաճառում էր հետևյալ սակագներով՝ 48.78 դրամ կազմում էր ցերեկային սակգինը և 38.78 դրամ՝ գիշերային սակագինը: Օգոստոսի 1-ից սակագինը 2.58 դրամով նվազեց և սահմանվեց համապատասխանաբար 46.2 դրամ ցերկային և 36.2 դրամ գիշերային սակագին:
Թվաբանական պարզագույն համեմատությունը ցույց է տալիս, որ սպառողներին վաճառված էլեկտրաէներգիայի 95 տոկոսը ՀԷՑ-ը ձեռք է բերել կրկնակի էժան գնով: Ավելի պարզ՝ Սամվել Կարապետյանը այս ապրանքը գնել է մի գնով և հետո նույն ապրանքը կրկնակի թանկ գնով վաճառել մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս:
Քանի որ ՀԷՑ-ում կորուստներն այլևս վերացվել են, ընկերությունը ստացել է գերշայույթ՝ 15 մլրդ դրամ 6 ամսում: Օգոստոսի 1-ից ընդամենը 2,58 դրամով իջեցված սակագինը Սամվել Կարապետյանին նորից կապահովի գերշահույթ: Ընդ որում, անգամ իջեցումից հետո Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ամենաբարձրն է տարածաշրջանում:
Հիմա հարց՝ եթե ընդամենը կառավարման արդյունավետության բարձրացման շնորհիվ հնարավոր էր այսպիսի կլորիկ գերշահույթներ ստանալ, ինչո՞ւ էր ինչ-որ մարդկանց ապաշնորհ կառավարման հետևանքով թանկացվում բնակչությանը տրվող էլեկտրաէներգիան: Եվ ինչո՞ւ էր իշխանությունը այդպես միանգամից սկուտեղի վրա ՀԷՑ-ը մատուցում Սամվել Կարապետյանին:
Ո՞ւմ էր սա պետք, և ո՞վ շահեց սրանից:
Այս հարցերն այսօր արդեն ունեն հստակ պատասխան, բարեգործ պարոնը ընդամենը Հայաստանն ու ընչազուրկ հայ ժողովրդին դիտարկում է խոպանի տարածք՝ էժան առնում, թանկ վաճառում է: Իսկ հավաքած գումարները շատ հանգիստ կարող է տանել Հայաստանից դուրս, որովհետև «Տաշիրը» ռուսական ընկերություն է:
Հայաստանից տարված փողերով Կարապետյան եղբայրները Ռուսաստանից փորձում են թելադրել սեփական շահերն սպասարկող և իրենց պատկերացրած քաղաքականությունը:
Դավիթ Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3419 անգամ